Անցած գիշեր և այսօր ցերեկը մարզերում ձյան բավականին առատ տեղումներ են եղել, առանձին վայրերում նույնիսկ ամսական նորմայի չափ տեղումներ: Առատ ձյուն է տեղացել Արագածոտնում, Գեղարքունիքում, Կոտայքում, ձյան ծածկույթի առավելագույն բարձրությունը հասնում է Քաջարանում՝ մոտ 70սմ-ի, Ջերմուկում և Հրազդանում՝ մոտ 90սմ-ի: Մյուս շրջաններում ձյան ծածկույթի բարձրությունը տարբեր է՝ 10-70սմ-ի սահմաններում:
Այս ցիկլոնը գործելու է մինչև վաղը՝ կեսօր, որից հետո նրա ազդեցությունը կթուլանա: Այս գիշերվա ընթացքում ողջ հանրապետության տարածքով նրա ազդեցությունը կպահպանվի՝ ձյուն, ցածր հորիզոնական տեսանելիություն, լեռնային շրջաններում՝ բուք, և ճանապարհներին՝ մերկասառույց:
Հիմա հյուսիս-արևմուտքից արկտիկական օդային զանգվածներ են ներթափանցում հանրապետություն : Օդի ջերմաստիճանը կնվազի. այս գիշեր և վաղը ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով՝ գիշերը -10, ցերեկը -4 աստիճան:
Հունվարի 28-ի գիշերը կգրանցվի ամենացածր ջերմաստիճանը՝ լեռնային շրջաններում՝ Աշոցքում, Ամասիայում, Վարդենիսում օդի ջերմաստիճանը կիջնի մինչև -30 աստիճան, Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվի մինչև -16 աստիճան ցուրտ:
Մանրամասները՝ տեսանյութում:










































