Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում են Փարիզի ահաբեկչությանը մասնակցած գրոհայինները: Տեսահոլովակը թողարկվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անունից, որում նրանք գլխատել են մի քանի պատանդների: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Կադրերը նկարահանվել են մինչև անցյալ տարվա նոյեմբերի հարձակումը, սակայն հրապարակվել են հունվարի 24-ին՝ կիրակի երեկոյան: Թե կոնկրետ երբ է նկարահանվել հոլովակը՝ հայտնի չէ:
Տեսանյութում մահապատիժ իրականացնողների շարքում է Բիլյալ Հադֆին, որը ոչնչացվել է Փարիզում հարձակման ժամանակ: Նա օտարերկրացիներին մեղադրում է իր հարազատների սպանության և տների ոչնչացման մեջ:
Տեսագրությունում երևում է նաև Աբու ալ-Քիթալ Ֆարանսին, ով ենթադրաբար «Բատակլան» համերգասրահում կրակ բացած գրոհայիններից մեկն էր:
Տեսահոլովակում սպառնալիքներ են հնչում «անհավատների» հասցեին՝ Լոնդոնի Թաուերի կամրջի և Սուրբ Պողոսի տաճարի ֆոնին: Ահաբեկիչների պնդմամբ՝ իրենք պատրաստ են հարվածել «ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»:











































