«Ընդհանրապես գրողը իր գրվածքի մեջ լիովին ազատ է, ինչ որ արտահայտում է, արտահայտում է իր ազատության, իր մտքի, սրտի խղճի չափով: Թե գրողն ինչպե՞ս կարտահայտվի, դա իր գործն է, որևէ մեկը չի կարող բանաձևեր սահմանել, կաղապարներ ստեղծել և բոլորի գլխին հագցնել». «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Հանրությունը սիրում է, որ գրողները հաճախ լինեն հրապարակում, կոչեր հնչեցնեն, ուղղորդեն: Արդյո՞ք այսօր փոխվել է մտավորականի կերպը: Է. Միլիտոնյանի կարծիքով՝ չի փոխվել. «Գրողները հասարակությանը ուղղորդում են իրենց հրապարակախոսական գրվածքներով, ունենում են ժամանակի ներքին շունչը: Որևէ գրող չի ուղղորդում, ասում՝ եկեք իմ հետևից, գրողն իր կեցվածքով, իր գրվածքով է դա անում: Գրողի ամենակարևոր տեղն իր գրականությունն է»:
Ըստ Է. Միլիտոնյանի՝ կոչումներն ու մրցանակները չեն սահմանափակում գրողի ազատ խոսքը, ասելիքը. «Որևէ կերպ չի սահմանափակվի, եթե գրողն իսկապես գրող է: Գրվածքներն են արժանանում մրցանակի, որը կարող է պատիվ բերել գրողին, բայց առաջին հերթին այդ մրցանակները պետք են ընթերցողին, որպեսզի նա ուղղորդվի, կարդա լավ գրականություն»:
Գրողների միության նախագահը հավաստիացրեց, որ գրողները ևս ունեն բազմաթիվ սոցիալական խնդիրներ՝ մեր գրողներից շատ-շատերի սոցիալական հնարավորությունները բարվոք չեն, ոմանք անգամ հացի խնդիր ունեն, և վստահեցրեց, որ նրանք չեն արտագաղթում. «Ես չգիտեմ որևէ գրողի, որ վերջին 5-6 տարում արտագաղթած լինի: Նրանց գրքերը տպագրվում են, սակայն հոնորարներ չեն ստանում: Գրողների միությունը փորձում է անվճար ապահովել իր անդամների ստեղծագործական հանգիստը և որոշակիորեն նպաստել նրանց բուժական օգնությանը»:
Է. Միլիտոնյանի հավաստմամբ՝ ժամանակին Արա Աբրահամյանի աջակցությամբ մրցանակաբաշխություններ են իրականացվել, այժմ համագործակցում են ամերիկացի բարերար Հրանտ Սիմոնյանի հետ, իսկ հայստանյան պատգամավորները, գործարարները, օլիգարխները հետաքրքրված չեն գրականությամբ: Է. Միլիտոնյանի խոսքով՝ Գրողների միությունը, որպես հասարակական կազմակերպություն, ինքնաֆինանսավորմամբ է փորձում աշխատանքներ իրականացնել. «Որպեսզի չլինենք խնդրարկուի դերում և կախման մեջ չլինենք: Չէի ասի, թե մենք շատ պիտի խնդրենք մարդկանց, որ մեզ տիրություն անեն: Մենք փորձում ենք ինքներս մեզ պահել: Այս առումով՝ անկախ գրող, անկախ վիճակ ունենալու պայմաններ են սրանք:
Մանրամասները՝ տեսանյութում:










































