Համաշխարհային հանրությունը հնարավորություն չունի իր համար ցանկալի գործընկերներ ընտրել Սիրիայի հարցով բանակցությունների համար: Դա վերաբերում է ինչպես գործող նախագահ Բաշար Ասադին, այնպես էլ ընդդիմությանը, ընդ որում՝ բանակցություններին պետք է ներկայացվեն երկու կողմերն էլ: Այս մասին Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
«Հինգ տարվա քաղաքացիական պատերազմից, ծայրահեղ բռնությունից և ամենուրեք դաժանությունից հետո որտեղի՞ց գտնել չափավոր շրջանակներ: Ես վախենում եմ, որ մենք արդեն վաղուց ենք անցել այն պահը, երբ կարող էինք ինքնուրույն ընտրել գործընկերներ երկխոսության և բանակցություններին մասնակցելու համար»,- ասել է արտաքին գերատեսչության ղեկավարը:
«Իհարկե, բանակցությունների սեղանի շուրջ չպետք է լինեն ահաբեկիչներ և իսլամիստ ծայրահեղականներ, ովքեր ուզում են խափանել քաղաքական լուծումը: Մենք դաշինքի կարիք ունենք, որը բաղկացած կլիներ նրանցից, ովքեր ներկայացնում են Սիրիայի հասարակության կոնկրետ հատվածին և դե ֆակտո իշխանություն ունեն, ովքեր հարգում են Վիեննայի գործընթացը և պատրաստ են դադարեցնել մարտական գործողությունները ժնևյան բանակցությունների ընթացքում»,- նշել է Շտայնմայերը:









































