Google-ի փոխնախագահ Վինտ Սերֆը, որը համացանցի մեծ գիտակ է, և որը շուրջ 30 տարի առաջ մասնակցել է ժամանակակից գլոբալ ցանցի հիմանական՝ TCP/IP ծրագրի մշակման աշխատանքներին, այժմ մտածում է ապագայի և միջմոլորակային ինտերնետ կապ ստեղծելու մասին: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Սերֆն արդեն երկար տարիներ աշխատում է NASA-ի հետ համագործակցությամբ՝ մշակելով միջմոլորակային ինտերնետի չափորոշիչը:
Մարսի ապագա գաղութարարաները նույնպես կցանկանան լիարժեքորեն կիրառել ցանցային հաղորդակցությունների բոլոր հնարավորությունները, չնայած ժամանակակից ծրագրերը դա թույլ չեն տալիս: Սերֆը հատուկ մշակել է մի քանի ծրագրեր՝ միջմոլորակային կապի ապահովման համար:
Wired-ի հետ հարցազրույցում նա պատմել է տիեզերքի թվային յուրացման հեռանկարների մասին: Նրա խոսքերով՝ իրենք մոտ են միջմոլորակային համացանցի զարգացման հիմնասյուների ստեղծմանը:
Սերֆը նշել է, որ նոր՝ Bundle ծրագրով մարսիական համացանցը չի կարող կիրառել ավանդական դոմենային համակարգը: Բանն այն է, որ դոմենային անունների կիրառման դեպքում պետք է մեծ քանակությամբ հարցումներ կատարել սերվերում, ինչը Մարսի պայմաններում կտևի մի քանի ժամ: Ահա թե ինչու նրա թիմը փնտրում է դասական համակարգի հարմար այլընտրանք:
Ներկայում Կարմիր մոլորակը շրջապատում են արդեն մի քանի արբանյակներ, որոնք մոլորակն ապահովում են ցանցային միացմամբ: Դրանց ծառայություններից դեռևս օգտվում են միայն մարսագնացները:









































