Այսօր՝ ժամը 15:42-ին, «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին զանգահարել են ՌԴ-ում գրանցված բջջային հեռախոսահամարից (առայժմ հեռախոսահամարը չենք հրապարակում, փորձում ենք նաև սեփական ուժերով պարզել, թե այն ում անունով է գրանցված) և սպառնացել, որ եթե նա շարունակի «քիթը խոթել» այնտեղ, որտեղ պետք չէ, ոչ միայն իր, այլև ընտանիքի անդամների համար շատ վատ կլինի:
Լրագրողի հարցին, թե ինչի մասին է խոսքը, սպառնացողը պատասխանում է՝ դու գիտես, թե ինչի հետ է կապված: Նա նաև նշում է, որ գիտի, թե որտեղ են ապրում Անիի հարազատները և նրանց հարցերը լուծելը իր համար ընդամենը մեկ զանգի խնդիր է: «Թե չէ, Անի ջան, կհայտնվես փոսում կամ դու, կամ քո հարազատներից մեկն ու մեկը»,- ասել է է սպառնացողը:
«Հետքը» հանցագործության մասին նաև գրավոր հաղորդում է փոխանցել ՀՀ ոստիկանությանը՝ նշելով լրագրողին սպառնացողի բջջային հեռախոսահամարը և կցելով հեռախոսային խոսակցության ձայնագրությունը:









































