ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վճռական կերպով դատապարտել է Գոլանի բարձունքներում չորս խաղաղապահների գերեվարումը և պահանջել է անհապաղ ազատ արձակել նրանց՝ հաղորդում է կազմակերպության կայքը:
Պան Գի Մունը բոլոր կողմերին կոչ է արել հարգել սահմանազատմանը հետևող ՄԱԿ-ի ուժերի անձնակազմի ազատ տեղաշարժման իրավունքը և անվտանգությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայում հակամարտող բոլոր կողմերին հիշեցրել է, որ խաղաղապահների մանդատը կայանում է նրանում, որպեսզի հետևեն Գոլանի բարձունքներում կրակի դադարեցմանը Սիրիայի և Իսրայելի միջև:
Հիշեցնենք, որ խաղաղապահների առևանգման մասին հայտնի է դարձել մայիսի 7-ին: Այս քայլի պատասխանատվությունը ստանձնել է «Յարմուկի նահատակներ» խմբավորումը, որն ավելի վաղ ևս այս շրջանում առևանգել էր խաղաղապահական առաքելության զինծառայողներին:






































