Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Օսմանյան կայսրության տարածքների բաժանման մասին Սայքս-Պիկոյի համաձայնագիրը (1916 թվական) արդեն սպառել է իրեն, և որ անհրաժեշտ է տարածաշրջանում ստեղծել քրդական նոր պետություն:
«Կարծում եմ, որ Սայքս-Պիկոյի ժամանակաշրջանն արդեն հասել է իր ավարտին։ Որքան էլ դա ընդունելի կամ անընդունելի լինի, իրողությունը դա է։ Արդեն եկել է նոր պայմանագրի ժամանակը։ 100 տարի առաջվա դեպքերը կրկնվում են։ Անհրաժեշտ է չկրկնել այն ժամանակվա սխալները։ Անհրաժեշտ է նոր պայմանագիր՝ ստեղծելու համար քրդական անկախ պետություն։ Քրդական տարածաշրջանի անկախության հռչակումը մոտ է»,- ասել է Մասուդ Բարզանին։








































