ԱՄՆ-ում ձյունախառն փոթորկի հետևանքով երկրի մի քանի շրջաններում առաջացած եղանակային բարդ պայմանները 5 մարդու մահվան պատճառ են դարձել: Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը:
Ալիքի տեղեկությամբ՝ մարդիկ մահացել են մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով:
«Ներկայումս 5 մարդ է մահացել փոթորկի պատճառով: Եղանակով պայմանավորված՝ մահացու ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ են եղել Վիրջինիա, Հյուսիսային Կառոլինա, Թենեսի և Արկանզաս նահանգներում»,- հայտնում է հեռուստաալիքը:
Նախօրեին հաղորդվում էր, որ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը, դրա սահմանակից Վիրջինիա նահանգը և Մերիլենդ նահանգի հարևան շրջաններն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել ուժեղ փոթորկի ցիկլոնի մոտենալու առնչությամբ: Ավելի ուշ արտակարգ դրություն է հայտարարվել Փենսիլվանիա նահանգում և Ջորջիա նահանգի մարզերի մի մասում: ԱՄՆ ավիաընկերությունները ուրբաթ հազարավոր ավիաչվերթեր են չեղարկել մոտալուտ ուժեղ ձյան պատճառով:
Պոտենցիալ ավերիչ ձմեռային փոթորիկ է սպասվում ատլանտյան մերձափնյա տարածքի միջնամասում:
Առատ ձյուն կարող է տեղալ նաև Նյու Յորքում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում՝ Ատլանտյան օվկիանոսի ափի կողմից, Կենտուկի և Հյուսիսային Կառոլինա նահանգներում: Այդ վիճակը կտևի մինչև կիրակի:







































