Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիվի Թարգամաձեն վերադառնում է հայրենիք և պատրաստվում է ակտիվորեն մասնակցել երկրի քաղաքական կյանքին: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին «Առաջին ալիքի»-ն տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թարգամաձեն, որը վերջին ժամանակներս բնակվում էր Լիտվայում:
Թարգամաձեն հայտարարել է, որ առաջին իսկ չվերթով կվերադառնա Վրաստան:
Ռուսաստանի իշխանությունների կողմից հետախուզվող պատգամավորը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Ինտերպոլը դադարեցրել է նրա որոնումները:
Թարգամաձեն հայտարարել է, որ Ինտերպոլը շատ արագ արձագանքել է և վճռել, որ Ռուսաստանի կողմից ներկայացված գործը չի համապատասխանում Ինտերպոլի կանոնադրությանը:
Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն իր հերթին լրագրողներին հայտարարել է, որ Թարգամաձեն իրավունք ունի վերադառնալու Վրաստան:
«Նա Վրաստանի քաղաքացի է և կարող է վերադառնալ Վրաստան՝ ինչպես Վրաստանի ցանկացած այլ քաղաքացի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Գիվի Թարգամաձեին մեղադրում է ՌԴ տարածքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:









































