«Բոկո Հարամ» խմբավորման իսլամիստները հարձակում են գործել Նիգերիայի Բամա քաղաքի բանտի վրա՝ այնտեղ գնտվող բանտարկյալներին ազատելու նպատակով, հաղորդում է Reuters գործակալությունը:
Իրավապահ ուժերի և գրոհայինների միջև բախումների հետևանքով սպանվել է 22 ոստիկան, բանտի 14 աշխատակից և 2 զինծառայող: Իսլամիստները կորցրել են 13 մարդ: Բացի այդ, բախումների զոհ է դարձել 4 քաղաքացի:
Հարձակման հետևանքով խմբավորման գրոհայիններին հաջողվել է ազատ արձակել 105 բանտարկյալների: Բացի այդ, նրանք այրել են ոստիկանական տեղամասը, զորանոցը և քաղաքի մի քանի կառավարական շենքեր:
Չի հստակեցվում, թե հարձակմանը քանի գրոհային է մասնակցել:
«Բոկո Հարամ» խմբավորումը, որը պայքարում է Նիգերիայի ամբողջ տարածքում շարիաթի օրենքներ հաստատելու համար, իր գործունեությունը վարում է 2002 թվականից: Ամեն տարի նրանց ահաբեկչական հարձակումների զոհ են դառնում հարյուրավոր մարդիկ:











































