| Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը պատրաստ է ամրապնդել Իրանի հետ ռազմավարական երկխոսությունը, ինչպես նաև խորացնել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը։
Այդ մասին Թեհրան կատարելիք այցի նախօրեին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը. «Չինաստանն իրանական միջուկային ծրագրի համաձայնագրի ձեռք բերումից ու գործարկման մեկնարկից հետո պատրաստ է ամրապնդել Իրանի հետ ռազմավարական փոխգործակցությունը, խորացնել փոխշահավետ համագործակցությունը, անել իր ուժերում ամեն բան ընդհանուր զարգացման ու բարգավաճման համար։ Չինաստանը պատրաստ է խորացնել Իրանի հետ համագործակցությունն ավտոճանապարհների, երկաթուղիների, ծովային ուղիների ու հաղորդակցությունների կառուցման հարցում, «Արևելք-Արևմուտք» միջանցքի կառուցումն առաջ տանելու հարցում»։ |
Սի Ցզինպինի մերձավորարևելյան շրջագայությունը մեկնարկել է հունվարի 19-ին, որի շրջանակներում նա առաջինն այցելել է Սաուդյան Արաբիա։ Այժմ Չինաստանի նախագահը Եգիպտոսում է, որտեղից էլ մեկնելու է Իրան։









































