ԵԱՀԿ նախագահ, Ուկրաինայի արտգործանախարար Լեոնիդ Կոժարան նախատեսում է այցելել Հարավային Կովկաս՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու շրջանակներում: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Կոժարան լրագրողներին հայտարարել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում:
«Ես պատրաստվում եմ այցելել Վրաստան, Հայաստան և Ադրբեջան և քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների կարգավորման համար հնարավոր ուղիներ փնտրելու հարցը»,- ասել է Կոժարան՝ պատասխանելով գործակալության թղթակցի այն հարցին՝ թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Ուկրաինան՝ որպես ԵԱՀԿ նախագահ՝ այսպես կոչված «սառեցված հակամարտությունները» կարգավորելու ուղղությամբ:
«Մենք հասկանում ենք, որ իրավիճակն այնքան էլ պարզ չէ… Մենք ցանկանում ենք խթան տալ բանակցային գործընթացին և զգում ենք, որ լավ դինամիկա կա Վիենայում ԵԱՀԿ-ի, ինչպես նաև ԵՄ «Արևելյան գործընկերության» նման կազմակերպությունների միջոցով»,- ասել է Կոժարան:
Ընդ որում նա հիշատակել է այդպիսի գործընկերության շրջանակում խորհրդարանական ֆորումի անցկացման մասին, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների կարող են խոսել միմյանց հետ:









































