Հետընտրական դաշինքների թեման այլևս պետք է փակել: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արկադի Վարդանյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին և ՀՅԴ-ի ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջև հնարավոր հետընտրական դաշինքին:
Նա նշեց, որ ընտրություններ, որպես այդպիսին, Հայաստանում տեղի չեն ունենում, տեղի են ունենում հերթական կեղծիքներ, խախտումներ, նկարչություն, որը երկրում նոր իրավիճակ չի կարող ստեղծել: Արկադի Վարդանյանի կարծիքով՝ մանդատները վայր դնելը, որի մասին այսօր շատ են խոսում, ոչինչ չի տա:
««Բարև Երևան»-ը Րաֆֆի Հովհաննիսյանի մնացորդն է, իրենից ոչինչ չի ներկայացնում և որևէ քաղաքական կշիռ չունի, ուստի որևէ ազդեցություն քաղաքական իրավիճակի վրա չի կարող ունենալ: ԲՀԿ-ն՝ առավել ևս: Էլի եմ ասում, որ ԲՀԿ-ն իշխանության մասնիկն է, այդպես եղել և այդպես կլինի: Նորություն չէ, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծված կոսւակցությունն էր, որը, որպես կուսակցություն, իրեն չարդարացրեց, որովհետև այդպիսին չի հանդիսանում:
Իսկ հետընտրական դաշինքների թեման պետք է փակել»,- նշեց Արկադի Վարդանյանը՝ հույս հայտնելով, որ հնարավոր բարեփոխումներն այսօր կարելի է կապել միայն իշխանությանը զուգահեռ ստեղծվելիք իշխանական օղակների հետ: Նրա գնահատմամբ՝ սա կարող է երկրում լրջորեն իրավիճակ փոխել, սա էլ այն դեպքում, եթե նախաձեռնողներին հաջողվի գաղափարի շուրջ համախմբել քաղաքացիներին:











































