Երկար սպասված օրինագիծը, համաձայն որի՝ համաներում է շնորհվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան կոալիցիայի կողմից կռված ավելի քան 5000 իռլանդացի զինվորներին, հավանության է արժանացվել հանրապետության խորհրդարանի կողմից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Այդ տարիներին Իռլանդիան չեզոքություն է պահպանել, այդ իսկ պատճառով երկիրը լքած զինվորները, որոնք պայքարել են ֆաշիզմի դեմ բրիտանական և ամերիկյան զորքերի շարքերում, ճանաչվել էին դասալիքներ:
Հայրենիք վերադառնալուց հետո նրանցից շատերը բախվել են կենցաղային խտրականության, նրանց աշխատանքի չեն ընդունել պետական մարմիններում, զրկել են թոշակից ու նպաստներից և այլն:
Անցած տարի Իռլանդիայի կառավարությունը պաշտոնապես ներողություն է խնդրել վետերանների հետ նման կերպ վարվելու համար: Երկրի արդարադատության, իրավահավասարության և պաշտպանության նախարար Ալան Շատերն այս որոշումն անվանել է «պատմական, որը կօգնի վերականգնել արդարությունը»:
«Ցավոք սրտի, վետերաններից շատերը չեն ապրել մինչև այսօր, երբ պետությունը վերջապես ճանաչեց այն կարևոր դերը, որը նրանք խաղացել են ազատ և անվտանգ Եվրոպայի համար պայքարում»,- հայտարարել է նախարարը:







































