Ցողիկ Ավետիսյանը իր երկու զավակների հետ բնակվում է Շիրակի մարզի Երազգաորս գյուղում: Մեծը՝ Ավետիքը, արդեն 20 տարեկան է: Մանկուց հաշմանդամ է, ունի մտավոր խնդիրներ: Դուստրը դեռ անչափահաս է, սովորում է նույն գյուղի դպրոցում:
«Ամուսնուս կորցրեցի 2-3 տարի առաջ. 37 տարեկանում մահացավ քաղցկեղից: Հետո մահացավ սկեսուրս, ու մնացինք լրիվ մենակ՝ առանց ապրուստի միջոցների: Տղաս մանկուց հաշմանդամ է, ունի մտավոր խնդիրներ: Չի կարող ինքնուրույն տեղաշարժվել, նույնիսկ ինքնուրույն զուգարան գնալ: Բայց տվեցին երկրորդ կարգի հաշմանդամություն ու 17 հազար դրամ թոշակ: Դրանով էլ ապրում ենք:
Ես զարմանում եմ՝ ո՞նց է էս պետությունն աշխատում: Ինքնուրույն տեղաշարժվել չկարողացող մարդուն ո՞նց կարող են 2-րդ կարգ տալ, երբ նրան չի կարելի մենակ թողնել նույնիսկ մեկ ժամ: Ես չեմ կարող տնից դուրս գալ: Մի անգամ դուրս եկա երկու ժամով, ափսեն քցել-ջարդել էր, ձեռքերն էր վնասել, երակն էր բացվել, հազիվ արյունը կտրեցինք: Ապրելու հնար չունեմ:
Էս ձմեռվա ցրտին լավ է՝ հարևանները թողնում են, գնում ենք իրենք աթարն ենք բերում վառում, թե չէ՝ կկոտորվենք: Ոնց եմ յոլա գնում՝ չգիտեմ: Դեռ էն ժամանակ լավ էր, նպաստ էինք ստանում, էն էլ հենց Ավետիքը դարձավ 18 տարեկան, սոցապը նպաստը կտրեց, թե՝ չափահաս է: Ու ոչ մի բան էլ չեղավ փոխարինող, մենակ իր հիվանդության թոշակն է»,- պատմում է տիկին Ցողիկն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Տիկին Ցողիկի համար վիրավորական է ոչ այնքան նյութական անելանելի կացությունը, որքան այն անտարբերությունը, որ կա իր ու իր ընտանիքի հանդեպ: Արցունքներն աչքերին պատմում է Ավետիքին բանակից ազատելու պրոցեսը. «Հասկանում եք, մանկուց հաշմանդամ երեխային անձնագրի ժամանակը որ եկավ, Ախուրյանի զինկոմից պարտադրեցին, որ անկողնային հիվանդ վիճակում տանենք հասցնենք զինկոմ, որ տեսնեն: Ասում են՝ ի՞նչ իմանանք, բա որ խաբում եք ու իրական հիվանդ չի, պետք է մեր աչքով տեսնենք: Էդ մենակ ես գիտեմ՝ ոնց ենք երեխին հասցրել Ախուրյանի զինկոմ, որ տեսնեն՝ իրոք մտավոր խնդիրներ ունի: Երկու ամիս ձգձգեցին, ու էդ պատճառով երկու ամիս մեր թոշակն ու նպաստը չտվեցին: Նույնիսկ օրվա հաց չունեինք:
Հասկանում եք, գյուղում ում մտքից անցնում է՝ երեխին բաժին է բերում օրվա ճաշից: Ես չեմ հասցնում, էլ չեմ կարող այս ձևով ապրել: Մի անգամ տեսա, որ Ռիտա Սարգսյանը կամ իր աշխատողները օգնում են տարբեր հաշմանդամ երեխեքի: Ի՞նչ կլինի, մեզ էլ օգնեն, էլի: Շատ բան չեմ ուզում, գոնե ամեն օր սոված աչքեր չտեսնեմ»:






































