«Հայկական Ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. «Այսպիսով երեկ ձևավորվեց Հայաստանի, այսպես կոչված՝ նոր կառավարությունը: Ընդամենը մի քանի փոփոխություն, որոնց մեջ որևէ տրամաբանություն գտնել հնարավոր չէ՝ այն պարզ պատճառով, որ «նախկին» կազմի ձևավորման մեջ էլ որևէ տրամաբանություն չկար: Հայաստանը շարունակում է ղեկավարել այն կառավարությունը, որը մի քանի տարի առաջ արձանագրեց 15 տոկոս տնտեսական անկում: Սա անկման ամենաբարձր ցուցանիշներից մեկն էր աշխարհում՝ միջազգային տնտեսական ճգնաժամի տարիներին: Այսպիսի անկման հետ մեկտեղ այս կառավարությունը եռապատկեց ՀՀ արտաքին պարտքը, պաշտոնական տվյալներով՝ աղքատների թիվն աճեց 30 տոկոսով՝ հասնելով ՀՀ բնակչության թվի մեկ երրորդին:
Այս կառավարությունը մի քանի անգամ ծրագրեր է ներկայացրել և արմատապես տապալել բոլորը: Այս կառավարության օրոք ՀՀ բնակչության մոտ 12 տոկոսը արտագաղթել է երկրից… Նոր ձևավորված հին կառավարության բարեմասնությունների թվարկումը կարելի է անվերջ շարունակել: Կառավարության այսպիսի կազմ ներկայացնելը կարող է նշանակել մի բան. Սերժ Սարգսյանը ակնհայտորեն գնում է առկա խորը լճացումը պահպանելու ճանապարհով: Սա չափազանց ձեռնտու Է քաղաքական և տնտեսական իշխանությանը՝ բոլորը պահպանելու են իրենց լծակներն ու ազդեցությունը և դա երաշխավորում է, որ մի ինչ-որ ժամանակ՝ Սերժ Սարգսյանի իշխանությանը ոչինչ չի սպառնա:
Նույն օլիգարխները կշարունակեն Էլ ավելի կենտրոնացնել տնտեսությունը իրենց ձեռքերում, կրիմինալը կշարունակի լինել Հայաստանում իշխանություն ձևավորելու համար օգտագործվող հիմնական ռեսուրսը…: Բայց դա միևնույն ժամանակ նշանակում Է, որ երկիրը շարունակելու է գահավիժել: Տնտեսական աճը կլինի միայն վիճակագրական մեքենայությունների շնորհիվ, հարուստները ավելի կհարստանան, աղքատները ավելի կաղքատանան, արտագաղթը կշարունակվի… Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանն իր այս «նոր» կառավարության կազմով մի խնդիր Է լուծում՝ երկրի կործանման հաշվին սեփական իշխանությունը հնարավորինս երկարացնելու խնդիրը:
Երկրի զարգացման բոլոր հեռանկարները արդեն մարել են. Հայաստանը ընդամենը գոյատեում Է հերթական ընթացիկ ժամանակաշրջանում՝ «Ավելի լավ Երևանով» գնում Է դեպի «Ապահով Հայաստան»: Իրավիճակը փոխելու համար անհավանական թվացող ջանքեր են անհրաժեշտ: Երբևէ Հայաստանը իր մեջ կգտնի՞ այդ ուժը, կկարողանա՞ այս ամենի դեմն առնել, արդեն շատ դժվար է ասել»:









































