Երևանի ավագանու ընտրությունները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փայլուն և որակով է գնահատում: Այս մասին նա հայտնեց այսօրվա ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերի ավարտից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե այս ընտրություններն ավելի լա՞վ է գնահատում, քան նախագահական ընտրությունները, մեկ քայլ առա՞ջ է համարում, Աբրահամյանը հայտարարեց. «Նախագահականն էլ շատ լավ է եղել, նախագահականն ավելի լավ է եղել…այս ընտրությունները համայնքային էին, համապետական չէ, պետք է տարանջատել»:
Մեր այն հարցին, թե ինչո՞վ էր բացատրված այս ընտրություններում թաղային հեղինակությունների ակտիվությունը, որը չկար նախագահական ընտրությունների ժամանակ, կամ գոնե այդքան ակտիվորեն արտահայտված չէր, Աբրահամյանն ասել է. «Իմ կարծիքով այստեղ էլ արտացոլված չէր, երևի այն ժամանակ լավ չեք նայել, եթե լավ նայեիք կարող է այն ժամանակ էլ, հիմա էլ…սա ընտրություն է, ինչ կապ ունի թաղային հեղինակությունը»:
Երբ ԱԺ նախագահին ասել են, որ բոլոր ընտրատեղամասերի մոտ քուչի տղեքն էին կանգնած, թաղային հեղինակությունները, Հովիկ Աբրահամյանը խնդրեց այդ ձևակերպումներից իրեն հեռու պահել: «Էդ գողական ձևակերպումներ` քուչի տղա, բան, էդ բաները ձեր լեկսիկոնից հանելու ժամանակն է»,-հորդորել է ԱԺ նախագահը և նշել, որ վերջիններիս հետո գործ չունենք:
Ի դեպ ԱԺ նախագահը լրագրողների խնդրանքով անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտնի արտահայտությանը, հայտարարել է, որ ԱԺ-ում ոչ մի գողական պատգամավոր չի տեսնում, բոլորը խորհրդական են:
«Եվ եթե որևէ մեկը ինչ որ մեկին գողական է ասում, թող ասի իմանանք, ես չգիտեմ ում մասին է կոնկրետ խոսքը, դեռ մինչև հիմա չի էլ ասել չէ՞` ում մասին է խոսքը»,-նշել է Աբրահամյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը` մոտավոր ակնարկվում է, Աբրահամյանը հակադաձել է. «Բա ակնարկների մասին արժի՞ մենք խոսենք, մենք էդ մակարդակի մարդիկ չենք, որ ակնարկներին փորձենք արձագանքել»:








































