Ֆրանսիան լրջորեն է ընդունում իր հասցեին ուղղված «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի սպառնալիքները՝ հայտարարել է հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը մամլո ասուլիսի ժամանակ, որը նվիրված է եղել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու՝ Փարիզ կատարած պետական այցին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Այդպես է Ֆրանսիայի առաջնորդը մեկնաբանել «Ալ-Քաիդան իսլամական Մագրիբի երկրներում» (ԱԿԻՄ) խմբավորման պարագլուխներից մեկի հայտարարությունը, որով նա խոստացել է հարձակումներ իրականացնել ողջ աշխարհում Ֆրանսիայի ներկայացուցիչների դեմ:
Նախագահը հայտնել է, որ իրենք էական վնաս են հասցրել ԱԿԻՄ-ին Մալիում օպերացիայի ժամանակ: Այդ առնչությամբ նախագահն ընդգծել է, որ Փարիզում անհրաժեշտ են համարում Մալիի օպերացիայի շարունակումը և Մալիի սահմաններից դուրս զգոնության պահպանումը՝ «շարունակելով պայքարն ահաբեկչության դեմ»: Նախագահը նշել է, որ խմբավորումը գործում է նաև այդ երկրի սահմաններից դուրս:
Օլանդը հատուկ նշել է, որ հանրապետության ուժային գերատեսչություններին տվել է անվտանգության միջոցառումների ուժեղացման կարգադրություն՝ բացառելու Ֆրանսիայի դեմ ահաբեկչական հարձակումների հավանականությունը:









































