Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանը կարող է միանալ տարածաշրջանային խոշոր նախագծերին, ինչպիսին է «Անդրանատոլիական» գազատարը (TANAP)։ Այս մասին այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակայինը։
Նրա խոսքով՝ Իրանը ծրագրում է նաև անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Դեսպանի կարծիքով՝ Իրանը կարող է օգտվել Ադրբեջանի ներդրումներից՝ տարանցիկ նախագծերի իրագործման համար. «Մենք կարող ենք Ադրբեջանի հետ համատեղ ներդրումներ կատարել նավթային ոլորտում։ Իրանը պատրաստ է օգտվել շինարարական ոլորտում Ադրբեջանի ներդրումներից»։
TANAP գազատարի նախագիծը նախատեսում է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը թուրք-վրացական սահմանից հասցնել մինչև Թուրքիայի արևմտյան սահման։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 10 միլիարդ դոլար։
Սկզբնական շրջանում TANAP-ի տարեկան թողունակությունը կկազմի 16 միլիարդ խորանարդ մետր, որից 10 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված կլինի Եվրոպայի, իսկ մնացյալ 6 միլիարդ խորանարդ մետրը՝ Թուրքիայի համար։ Ակնկալվում է, որ Թուրքիան տվյալ գազատարով ադրբեջանական գազ կստանա 2018 թվականին, իսկ Եվրոպան՝ 2020 թվականի սկզբին։











































