Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) ներկայացուցիչ, Ադանայից ընտրված պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը դիմել է Թուրքիայի խորհրդարանի նախագահությանը՝ վերացնելու համար Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը։
Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը 6 ամսից 2 տարվա ազատազրկում է նախատեսում «Թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը կամ Թուրքիայի Ազգային մեծ ժողովին հրապարակավ վիրավորելու» համար։
Բեշթաշն ընդգծել է, որ 301-րդ հոդվածը լուրջ խոչընդոտ է երկրում խոսքի ազատության համար, ինչը հաստատել է նաև ՄԻԵԴ-ը։ Նա այդ պլանում հիշատակել է նաև «Ակօսի» նախկին խմբագրապետ Հրանտ Դինքին, որը նախկինում տուժել է այդ հոդվածից և սպանվել է ուղիղ 9 տարի առաջ՝ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում։
Բեշթաշի խոսքով՝ 301-րդ հոդվածն անընդունելի է ժամանակակից ու դեմոկրատական հասարակության համար և ցայժմ ծառայում է որպես «սարսափի մահակ»։ Պատգամավորն ընդգծել է, որ ներկայումս 301-րդ հոդվածով հետաքննություն է տարվում թուրք ակադեմիկոսների նկատմամբ, որոնք իշխանություններին կոչ են արել «Քրդական հարցը» լուծել խաղաղ ճանապարհով։








































