«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Նախընտրական շրջանում 4 քաղաքական ուժերի ներկայացուցիչները ինձ, ինչպես նաև իմ գործընկերներին տված բազմաթիվ հարցազրույցներում միահամուռ պնդում էին, որ այս անգամ տեղամասերում Հանրապետականը չի կարողանա կեղծարարությամբ զբաղվել: Այդ վստահությունը հիմնված էր այն փաստի վրա, որ հիշյալ 4 կուսակցությունները բոլոր 464 տեղամասերում ունեն վստահված անձինք, հանձնաժողովի անղամներ, իրենց շահերը ներկայացնող «լրագրողներ», «դիտորդներ», որոնցից յուրաքանչյուրը երկու աչքը չորս արած հետևելու է քվեարկության ընթացքին, ինչպես նաև արդյունքների ամփոփմանը:
Նախնական պաշտոնական արդյունքներով՝ 464 տեղամասերի ճնշող մեծամասնությունում առաջատարը ՀՀԿ-ն էր (20-ում հաղթել էր ԲՀԿ-ն), իսկ քվեարկության և հաշվարկի ժամանակ լուրջ միջադեպերը այնքան էլ շատ չէին:
Դրան կարող է լինել 3 բացատրություն.
1/ ՀՀԿ- ն տեղամասերում կեղծարարությամբ չէր զբաղվում,
2/ ՀՀԿ-ում կան մի քանի հարյուր «աշխատակիցներ», որոնք իրենց աճպարարության մակարդակով կարող են համեմատվել Հարություն Հակոբյանի հետ, այսինքն՝ 20-30 հոգու աչքի աոաջ կարողանում են «մանժետից» աննկատ «տուզեր» հանել,
3/ այդ բազմաթիվ դիտորդական աչքերը այնքան էլ հուսալի չէին և փողի կամ վախի ազդեցության տակ, այսպես ասած, «թարթել են»:
Անձամբ ես բացառում եմ աոաջին երկու տարբերակները և հակված եմ երրորդին: Բայց ես կարող եմ նաև սխալվել՝ տարբերակների մասին պետք է ավելի շատ մտածեն շահագրգռված անձինք, աոաջին հերթին վերոհիշյալ 4 կուսակցությունների ներկայացուցիչները: Սակայն նման խոհեր, վերլուծություններ, գուցե նաև՝ ինքնաքննադատություն ես առայժմ չեմ լսել և չեմ կարդացել: Ընդհանրապես, վերջին 25 տարվա ընթացքում ես չեմ հիշում, որ ինչ-որ քաղաքական ուժ ասի՝ ես ահա այդպիսի բան էի խոստանում կամ կանխատեսում, բայց ինչ-ինչ պատճառներով իմ խոստումը կամ կանխատեսումը չիրականացավ:
Իշխանությունն էլ, իհարկե, անկեղծ չէ հասարակության հետ: Օրինակ՝ հիմա նրանք պնդում են, որ Տարոն Մարգարյանն այնքան հրաշալի քաղաքապետ էր, որ քաղաքացիները գնացել են և սրտանց ձայն են տվել հենց նրան: Մարդիկ երբեմն նույնիսկ հակված են հավատալու իրենց կողմից արտաբերվող ստին:
Սակայն ուժեղին կարող է հաղթել միայն նա, ով ավելի խելացի է և կազմակերպված: Կարո՞ղ ենք դա ասել այսօրվա ընդդիմադիր կուսակցությունների մասին: Նրանց ամբողջ վերլուծությունը կառուցվում է «ռեժիմի» և «վարչախմբի» մասին թեև հիմնականում ճիշտ, բայց ծեծված ձևակերպումներով: Այս պահին, երբ ընտրական ցիկլը ավարտվեց, ընդդիմադիրները, կարծում եմ, պետք է հնարավորինս անկեղծորեն պատասխանեն հետևյալ հարցերին. ի՞նչ էիք դուք սպասում խորհրդարանական, նախագահական և ավագանու ընտրություններից, ինչի՞ վրա էիք հույս դրել, և ինչո՞ւ Ձեր սպասելիքները չիրականացան: Առանց այդ հարցերի պատասխանների 2017 և 2018 թվականներին նույնն է կրկնվելու»:










































