41 երկրների ռազմածովային ուժեր Բահրեյնում տեղակայված ամերիկյան 5-րդ նավատորմի հովանու ներքո երկուշաբթի սկսել են մասշտաբային վարժանքներ՝ ուղղված Պարսից ծոցի ականազերծմանը: Այդ մանևրումները, որոնք կշարունակվեն մինչև մայիսի 30-ը, տարածաշրջանում իրենց տեսակի մեջ խոշորագույնն են՝ ընդգծվում է ԱՄՆ Ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի հրամանատարության տարածած կոմյունիկեում: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Զորավարժանքներին ծրագրված են օպերացիաներ՝ ուղղված ծովում անվտանգության ապահովմանը, միջազգային առևտրի պաշտպանությանը, ինչպես նաև մանևրումներ, որոնք կոչված են կատարելագործել ականների որոնումներն ու դրանց չեզոքացումը: Մասնակիցները կփորձեն նաև ավիացիա գործարկել ականների դեմ պայքարում, ինչպես նաև կմշակեն քաղաքացիական նավերի ուղեկցման գործողություններ:
5-րդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Ջոն Միլլերի խոսքով՝ իրենք ուրախ են , որ ավելի քան 40 երկիր միացել են իրենց օպերացիաներին, որոնց նպատակն է ամրապնդել միջազգային հնարավորություններն ազատ նավարկության պահպանման գործում:
Անցած տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները համանման վարժանքներ անցկացրին Պարսից ծոցում՝ վստահեցնելով, որ դրանք ուղղված չեն Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ: Իր հերթին Թեհրանը նախազգուշացրել էր, որ իր կենսական շահերին ուղղված սպառնալիքի դեպքում կարող է փակել և ականապատել Օրմուզի նեղուցը:







































