Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարել է «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրի մասին, որով Հայաստանի տարբեր շրջաններից հավաքվելու են գաղափարներ, որոնք, ըստ մտահղացման, կօգնեն արդիականացնել և մրցունակ դարձնել Հայաստանը, հանգել նորարար լուծումների, թեկուզ 100-ից 5-ի ընտրության պարագայում: Ինչ խոսք, հետաքրքիր և կարևոր նախաձեռնություն է:
Գաղափարների բացակայությունը, գաղափարների, նորարարության դեֆիցիտը Հայաստանում ամենաառանցքային խնդիրներից է: Առավել ևս, որ Հայաստանի հարստությունը հենց այդ է՝ մտավոր, քաղաքակրթական պոտենցիալը: Մյուս կողմից, երբ մենք խոսում ենք գաղափարների, նորարարությունների պակասի, անհրաժեշտության մասին, առաջանում է որոշակի շփոթում: Ոչ թե դրանք չկան, այսինքն՝ ոչ թե դրանց դեֆիցիտ է, այլ դրանց առաջացման, դրսևորման և իրացման միջավայրի դեֆիցիտ է: Իշխանության խնդիրը, որը տվյալ պարագայում հանդես է գալիս Սպորտի և երիտասարդության նախարարության դեմքով, միջավայրի դեֆիցիտը լրացնելն է, միջավայր ստեղծելը, ապահովելը: Միջավայր՝ համապետական մասշտաբով, և լոկալ միջավայրեր՝ արդեն տարբեր մարզերում ու գոտիներում, ըստ տեղական առանձնահատկությունների:
Այսինքն՝ իշխանության դերը գաղափար հավաքելը չէ, այլ գաղափարների դրսևորման դաշտ ստեղծելը կամ պարզ ասած՝ թիվ մեկ գաղափարի իրագործումը: Իսկ թիվ մեկ գաղափարը իրավահավասարության ապահովումն է, այսինքն՝ սահմանադրական կարգն ու օրինականությունը, երբ բոլորը հավասար են օրենքի առաջ, օրենքն արտացոլում է արդարության, բարոյականության, ազատության և հավասարության համընդհանուր սկզբունքներն ու չափանիշները, որոնք, օրինակ, կիրառվելով թույլ են տվել զարգանալ և բարձր ձեռքբերումների հասնել մի շարք հայտնի պետությունների:
Երբ իշխանությունը իրականացնի թիվ մեկ գաղափարը, մնացյալ գաղափարները այլևս կհորդան ինքնահոսով, կգտնեն իրենց հունը, իրենց ընթացքը: Այլապես ստացվում է, որ իշխանությունը իր խնդիրը չիրացնելով՝ ստանձնում է մի խնդիր, որն ինչքան էլ բարի նպատակով, սակայն, մեծ հաշվով, իրենը չէ, ու արդյունավետության առումով կարող է ունենալ լուրջ խնդիրներ, որովհետև գաղափարը հատիկն է, սերմը, որը ծլարձակելու համար պահանջում է պայմաններ: Իշխանությունն այդ պայմանն է, հանրությունները իշխանություն, պետական սուբյեկտություն են ձևավորում՝ իրենց համար գաղափարական, ստեղծագործական պոտենցիալի իրականացման միջավայր ապահովելու նպատակով:
Այսինքն՝ թեկուզ բարի և կարևոր նախաձեռնությամբ, սակայն տեղի է ունենում կամա, թե ակամա որոշակի նենգափոխում՝ իշխանությունը իր գործը չի կատարում և ստանձնում է այն, ինչը հասարակության, մեծ հաշվով, բնական իրավունքն է: Ինքնին այդ իրավիճակն արդեն խնդրահարույց է, որովհետև եթե իշխանությունը սկսում է գաղափարներ հավաքել, ապա կա՛մ դա սեփական սնանկության վկայությունն է՝ հանրությունից կտրվածությունը, որովհետև հանրության ու իշխանության կապի պարագայում գաղափարների փոխադարձ հաղորդակցումը բնական գործընթաց է, ինչպես արդիական բոլոր երկրներում, կա՛մ էլ իշխանությունն ընդունում է, որ հասարակական գաղափարները խեղդվում են տարատեսակ միջոցներով և չունեն դրսևորման հնարավորություն, և դրանք էլ պետք է դրսևորվեն կամ կարող են դրսևորվել միայն «իշխանական հովանու» ներքո:
Ապահովեք Հայաստանում իրավահավասարություն, օրենքի գերակայություն, ընտրական մեխանիզմի բնականոն աշխատանք, տնտեսական և քաղաքական մրցակցություն, տարանջատեք բիզնեսն իշխանությունից կամ իշխանությունը բիզնեսից, գործնական և հետևողական պայքար մղեք կոռուպցիայի դեմ՝ տեսական պայքարից զատ, ու կտեսնեք, որ Հայաստանում կա ոչ թե 100, այլ 1100 գաղափար, որոնցից նորարարության պոտենցիալ ունի ոչ թե 5-ը կամ 50-ը, այլ գուցե առնվազն 500-ը: Պարզապես պետք է ճանաչել սեփական ժողովրդին՝ իմանալու համար, թե ինչ ռեսուրս է խեղդվում իշխանատենչության, կոռուպցիայի տակ: Այդպիսով, Հայաստանի գաղափարների ճանապարհը փակող քարը պետք է վերացնել ընդամենը, ու դրանք կողողեն, կոռոգեն Հայաստանը:
Ուրեմն, 100-ի մասին հայտարարելու փոխարեն, պետք է կարողանալ լուծել ընդամենը մեկ գաղափարի կենսագործման հարցը: Հայաստանում անօրինականության, հակասահմանադրականության, անհավասարության, խտրականության, հովանավորչության, արդարացի մրցակցության սահմանափակվածության, դատական կամակատարության, հաճկատարության աստիճանը այնքան բարձր է՝ իշխանության ամենաբարձր հովանիների ներքո, որ ամենանորարար գաղափարը դա օրինականությունը, սահմանադրականությունը, դեռևս հարյուրամյակներ առաջ Եվրոպայում ազդարարված ազատությունը, հավասարությունն ու եղբայրությունն են:
Դժբախտաբար, Հայաստանում այդ ամենի հանդեպ վարվել է այնպիսի քաղաքականություն՝ անկախության քառորդ դարի ընթացքում, որ այդ գաղափարները այսօր նորարարության ժանրից են, երբ թվում է՝ դատելով անկախության ակունքներում առկա տրամադրություններից, մթնոլորտից ու նախադրյալներից, պետք է դարձալ լինեին նորմ և պետականության հենասյուն: Ուրեմն, սկսենք մեկ գաղափարից՝ թիվ մեկ գաղափարից, որը լիարժեք ապահովելու դեպքում Հայաստանը կողողեն գաղափարները, ոչ թե կխեղդվեն Հայաստանում:








































