Մայիսի 5-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, «հայաստանյան չեչնիայում»` Հաղթանակ գյուղում, լրագրողների և դիտորդների պակաս չկար: 7-րդ ընտրատարածքի մեջ ներառված այս գյուղը` իր մարտունեցի և քյավառցի բնակիչներով, առանձնակի ուշադրության էր արժանացել հավանաբար մի քանի պատճառներով:
Նախ՝ ընտրական գործընթացներն այստեղ սովորաբար հանգիստ չեն անցնում: Դրանց նախորդում, ուղեկցում կամ հաջորդում են հավաստի կամ ոչ հավաստի սկանդալային պատմություններ. օրինակ` որ օլիգարխներն այստեղ կրակել են միմյանց վրա, հետո նրանցից մեկը գնացել է «վախը չափելու», ԱԺ պատգամավոր, Լֆիկ անունով հայտնի Սամվել Ալեքսանյանը միայն մեկ քարոզարշավի ժամանակ մի քանի միլիոն դրամ է «բաժանել» բողոքավոր հաղթանակցիներին, որ իշխանական ուժը նրանց մոտ «հաղթի» և այլն: Իսկ ընդհանրապես, հաղթանակցիներն ասում են, որ իրենց թաղամասը (ոչ թե գյուղը) «Չեչնիա» անունը ստացել է այն պատճառով, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետի վերջին տարիներին անցկացվող ընտրությունները միշտ ավարտվել են վերջինիս կամ նրան սատարող ուժերի պարտությամբ:
Գուցե դա էր պատճառը, որ Հաղթանակի տեղամասերում տիրող իրավիճակը ուսումնասիրելու և վերահսկելու համար այնտեղ «դեսանտ էին իջեցրել» մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում` «Իրավունքի Եվրոպա միավորման», «Թրանսփարենսի ինթերնեյշընլ հակակոռուպցիոն կենտրոնի» և այլ կազմակերպությունների դիտորդներ, լրագրողներ, որոնց աշխատանքը «միքսելով» ընտրական գործընթացին` «Առաջին լրատվական»-ի լրագրողիս աշխատանքը դարձավ շատ ավելի հետաքրքիր: Բայց ամեն ինչի մասին` հերթով:
Մայիսի 5-ին, ժամը 9.50-ի սահմաններում հասանք «Չեչնիայի» երկու թեժ կետեր` դեմ դիմաց գտնվող 7/14 և 7/15 ընտրատեղամասեր. այստեղ մեքենաների այնպիսի առատություն էր, մարդկանց այնպիսի կուտակումներ ու աշխուժություն, որ մի պահ թվաց, թե Հաղթանակ գյուղը պատրաստվում է «Փառք աշխատանքին» ցուցապաստառներով շքերթի դուրս գալ` առաջնորդությամբ «Լեքսուս» մակնիշի, 60 NN600 հայտնի պետհամարանիշի ավտոմեքենայի (թիվ 7 ԸՏ-ի բազմաթիվ ընտրատեղամասերի մոտ նմանատիպ «օլիգարխական» համարներով թանկարժեք մեքենաներ էին կանգնած): Այնտեղ կային նաև 70 համարի երթուղային գծի «ԳԱԶել»-ներ, որոշների մեջ` մեծահասակ մարդիկ:
Երբ լրագրողներն ու դիտորդները տեսանկարահանելով մոտեցան նրանց և սկսեցին հարցուփորձ անել` պարզվեց, որ ծերանոցից են եկել` քաղաքապետ ընտրելու: Նրանցից մեկն ասաց, թե ծերանոցի աշխատակազմն է բերել, մյուսն` «ուղղեց». «Ավտոբուսն եկել ա, ով գրանցում ունի` նստել եկել ա…» (բայց նրանք նստած էին ոչ թե ավտոբուսի, այլ Հաղթանակ գյուղը չսպասարկող 70 համարի երթուղայինների մեջ, որոնք հայտնվում էին 7/15 տեղամասի մոտ ու անհետանում): Նրանց «օգնության հասան» կողքի ջահելները. մեկն ասաց, թե` ծերանոցը հեռու է, ծերերը չեն կարողանում գալ, մյուսները սկսեցին նեղվել տեսանկարահանումից, միջին տարիքի մի տղամարդ էլ շատ կոպիտ ձևով հարցրեց տեսանկարահանողներից մեկին` «Խի՞ ես մորս նկարում, …գնա հորդ նկարի` արտասահման ուղարկի…»: Եթե հավատալու լինեինք այս տղամարդուն, պետք է հարցնեինք` «մորդ ծերանոց ես ուղարկում` չես ամաչում, բայց հենց տեսանկարահանում են` խիստ զայրանում ե՞ս…»: Հետո, երբ միջամտողներին հարցրեցինք, թե ովքեր են և ինչու են օրենքը խախտում` կուտակումներ առաջացնելով ընտրատեղամասի մոտ, սկսեցին արդարանալ. ասացին, որ մի գյուղից են, ընտրողներ են, հերթները չի հասնում, որ մտնեն` քվեարկեն, քանի որ վերևում հերթ է և սպասում են: Իհարկե, նրանք մի քիչ հեռացան տեղամասից, բայց նրանց հերթը այդպես էլ «չհասավ», քանի որ պարբերաբար շրջում էինք այդ տեղամասի մատույցներում, և նրանք պարզապես իրենց տեղերն էին փոխում` տեղավորվելով համեմատաբար զով տարածքներում:
Սամո ջան, «ինձ կոպեկ կտա՞ս…»
Երբ բարձրացանք 7/15 տեղամաս, այդ պահին դռան մոտ իրոք հերթ էր գոյացել, իսկ ներսում լարվածություն էր նկատվում: Մինչ տեղամասում գտնվող դիտորդները, լրագրողները այցելուներին հարցազրույցներ էին տալիս իրենց նկատած ընտրախախտումների մասին, քվեասենյակի ներսում` պատի տակ նստած, մի քիչ անհանգիստ շարժումներով իր հերթին էր սպասում նաև ծերանոցի Ռուբոն: Հոգեկան ինչ-ինչ խնդիրներ ունեցող, հաշմանդամ, մոտ 50 տարեկան այս տղամարդուն թաղում շատերն էին ճանաչում. տարիներ առաջ դեռ կարելի էր ՀԱԹ-ի, Մալաթիայի փողոցներում նրան տեսնել. մարդիկ օգնում էին` ով ինչով կարող էր, հետո մոռացան նրա գոյության մասին… Ու մեկ էլ հանկարծ Ռուբոն, քաղաքացիական բարձր գիտակցությամբ գալիս է քաղաքապետ ընտրելու: Պարզվեց, որ նրա անձնագիրը տեղամասում գտնվողներից մեկի մոտ է: Նրա քվեարկությունը կազմակերպելուց հետո, երբ փորձում էին նրան ուղեկցելով իջեցնել տեղամասից, Ռուբոն պահը հարմարեցրեց և մոտեցավ տեղամասի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Զախարյանին և իրեն բնորոշ ձևով խնդրեց. «Ինձ կոպեկ կտա՞ս…» (մինչ ծերանոցում փակվելը Ռուբոյին երևի վերջին անգամ արժեզրկված կոպեկ էին տվել): Հնարավոր է, որ միլիոններ բաժանելու խոսակցությունները Ռուբոյին էլ էին հասել, պարզապես նա Սամվել Ալեքսանյանի անունը շփոթել էր Սամվել Զախարյանի հետ և վերջինիս անհարմար վիճակի մեջ դրել լրագրողների և դիտորդների առջև: Պատկերացրեք` վերջիններս տեսանկարահանում են այդ պահը, և Զախարյանը չգիտի` ինչպես պատասխանի Ռուբոյի հարցին. կոպեկ տա` կարող են միանգամից աղմուկ հանել, թե` ծերանոցի ժողովրդին կաշառք կամ կաշառքի խոստում տալով են բերում քվեարկության, որ կարողանան նաև նրանց ձայների հաշվին ՀՀԿ-ի համար հաղթանակ ապահովել: Իսկ եթե ասի` ոչ, չի իմանա` Ռուբոն ինչպես կպահի իրեն և ուրիշ էլ ինչ «բացահայտումներ» կանի: Այնուամենայնիվ, Ռուբոյի ականջին ինչ-որ բան ասացին, և նրա հարցը փակվեց:
Մինչ մենք կշրջեինք մի քանի տեղամասերում, 7/15-ի վերաբերյալ ահազանգ եղավ. լուրեր տարածվեցին, թե Երևանի ավագանու ԲՀԿ-ական թեկնածու Ջիվան Պողոսյանը մտել է տեղամաս, և այնտեղ ինչ-որ քաշքշուկ ու ծեծկռտուք է հանձնաժողովի ՀՀԿ նախագահ Սամվել Զախարյանի հետ:
Սամո, հաց կուտե՞ս
Իրավիճակը պարզելու համար կրկին հասանք Չորրորդ գյուղ (Հաղթանակ): Այստեղ իրավիճակն արդեն շքերթային չէր. տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանները, պատասխանատու Ատոմ Պողոսյանի հանձնարարությամբ, տեղամասի մերձակա տարածքն արդեն ազատել էին մեքենաների և մարդկանց կուտակումներից, իսկ տեղամասում արդեն մի փոքր ազատ ու լիցքաթափված մթնոլորտ էր: Փորձեցինք ներկա գտնվող դիտորդներից, վստահված անձանցից և հանձնաժողովի նախագահից պարզել, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Նախ` Սամվել Զախարյանն ասաց, որ ոչ մի քաշքշուկ էլ տեղի չի ունեցել, ուղղակի ԲՀԿ-ական թեկնածուն` Ջիվան Պողոսյանը, ում լավ ճանաչում է, մի քանի անգամ փորձել է բարձրանալ` քվեարկելու, բայց քանի որ հերթ է եղել, չի կարողացել, ինչի շուրջ էլ բարձր են խոսել: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ նույնպիսի բացատրություններ է տվել նաև միջադեպի առնչությամբ տեղամաս եկած ոստիկաններին: Սակայն տեղամասում գտնված դիտորդներից մեկը հավաստիացնում էր, որ միջադեպը շատ ավելի լուրջ է եղել, քանի որ ոստիկանները միջամտել և կանխել են այն, ինքն էլ տեսանկարահանել է:
Վերջում լսեցինք նաև տեղամասում ԲՀԿ-ի վստահված անձ Արման Պողոսյանին, ով միջադեպն այսպես բացատրեց. ԲՀԿ-ի թեկնածուն փորձել է մի քանի անգամ գալ քվեարկության, սակայն գոյացած հերթի պատճառով չի ստացվել, ինչից հետո Սամվել Զախարյանին առաջարկել է` գնալ հաց ուտելու, այդտեղից էլ աղմուկ է առաջացել: Այստեղ փեսայի և զոքանչի մասին հայտնի անեկդոտը հիշեցի, երբ փեսային հարցնում են, թե ինչու է զոքանչիդ աչքի տակը կապույտ, պատասխանում է` տվածս հացը չէր ուտում…
Սամո, վախեցա՞ր…
Քանի որ խոսք գնաց նաև Սամվել Ալեքսանյանի մասին, մի փոքր ընտրական միջանկյալ անդրադարձ էլ նրան նվիրենք:
Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի` Մալաթիա-Սեբաստիա համայնքում անցկացված բակային հանդիպումներից մեկի ժամանակ, երբ նրան ուղեկցող Սամվել Ալեքսանյանը մի քիչ հոգնել է կանգնելուց, հեռախոսով խոսելիս թռել` նստել է կողքը կայանված «Նիվայի» «կապոտին», ոտքերն էլ փռել «շիթերին»: Ականատեսները նախ մտովի ցավակցել են վաճառվող մեքենայի անծանոթ տիրոջը, ով կարող էր տուժել և վնասված մեքենան ավելի էժան վաճառել, իսկ հետո նկատել են, որ «Նիվայի» մեջ փոքրիկ երեխա կա: Քիչ անց այդ փոքրիկը այնպես է միացրել մեքենայի «բոշ» ազդանշանները, որ նրա տեսադաշտը փակած Սամվել Ալեքսանյանը լեղապատառ ցած է թռել «կապոտից»: Հավաքվածները անհամբերությամբ հետևել են, թե ինչ է լինելու հետո. չնայած հերսոտած վիճակին` Լֆիկն այս անգամ, բարեբախտաբար, չափազանց մեծ զսպվածություն և ողջամտություն է դրսևորել` տեսնելով, որ իրեն վախեցնողը զարմացած ու վախեցած աչքերով իրեն նայող մի փոքրիկ բալիկ է:
Փնտրվում է թաղի հեղինակություն` անգլերենի փայլուն իմացությամբ
Այս ընտրությունների ժամանակ ուշագրավ ու զվարճալի մի բան նկատեցինք: Ընտրատեղամասում ընտրություններին հետևող և անգլերենով շփվող դիտորդներն ու լրագրողները մի քիչ անհասկանալի ու խուճապային իրավիճակ էին «առաջացրել» տեղերում` քյառթու հայերենով հարցեր լուծող հեղինակությունների համար: Երբ եկող ու ներսում գտնվող դիտորդներն ու լրագրողները սկսում էին անգլերենով շատ հանգամանալից ճշտել կամ փոխանցել ընտրախախտման բնույթն ու դրանց հետ կապված մանրամասները, իսկ հետո հայերենով հետաքրքրվում հանձնաժողովի նախագահից, թե կոնկրետ այս կամ այն խախտումը ինչու չեն գրանցել համապատասխան գրանցամատյանում, նախագահները տեսախցիկների առջևից նախ փորձում էին փախչել, իսկ հետո` ստիպված էին լինում ընդունել խախտումը և գրանցել: Այսինքն, ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ ԿԸՀ-ն վկայակոչելով խախտման արձանագրությունների բացակայությունը, ասում էր` էական ընտրախախտումներ չկան, ընտրություններն էլ անցել են նորմալ, ապա այս անգամ խախտումներն արձանագրելու առումով կար որոշակի առաջընթաց: Դրան օգնում էր նաև ընտրատեղամասերի մատույցներում հավաքված ջահելների` օտար լեզվին չտիրապետելը: Նախկինում, երբ խախտումների մասին ինչ-որ ահազանգերը սկսում էին հայերենով քննարկվել, տեղամասերի մոտ հավաքվածները նախ որսում էին դրանք, միանգամից մտածում, թե ինչ շրջանցող կամ արդարացնող պատասխան տալ ու անցնում գործի… Սակայն այս անգամ նրանց համար երևի մի քիչ ձանձրալի էր ու խուճապային. նրանք որոշ ժամանակ կանգնում էին անգլերենով շփվողների կողքին, փորձում ծանոթ բառեր գտնել ու մի բան կռահել, որ մի համարժեք «պաշտպանություն» կազմակերպեին, բայց երբ նրանց չէր հաջողվում հասկանալ, թե ինչից պետք է «պաշտպանվեն» ու ինչպես, մի կողմ էին քաշվում:
Այնպես որ, հաջորդ ընտրություններից առաջ հնարավոր է հանդիպեք հայտարարությունների` «փնտրվում է թաղի հեղինակություն` անգլերենի փայլուն իմացությամբ…»:









































