Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեջ մեղադրվող «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի ու ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանք:
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը նշեց, որ 223-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը միանգամայն անհիմն է և կյանքի կոչվելու իրավունք չունի: Փաստաբանը նշեց, որ Արթուր Վարդանյանի հետ մի քանի անգամ զրուցել է Գառնիկ Մարգարյանը «Մոսկվա» կինոթատրոնի սրճարանում, սակայն այդ հանդիպումը չի կարող բերել եզրակացության, թե նրանք համագործակցել են:
Վլադիմիր Առաքելյանի փաստաբան Արայիկ Ալվանդյանը տեղեկացրեց, որ գրավը որպես խափանման միջոց կիրառելու իրենց միջորդությունը դատարանի կողմից մերժվել է: «Պետք է աշխատենք այս որոշման վրա, բողոքարկենք»,- ասաց նա՝ հավելելով, որ Վլադիմիր Առաքելյանը առողջական խնդիրներ ունի, չորս ամիս անկողնային պառկած է եղել, հիմա շարունակում է դեղեր ընդունել:
Դատարանի մոտ հավաքվել էին նրանց հարազատները, ընկերները: Վլադիմիր Առաքելյանի ընկեր, ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը բացառեց, որ որևէ ազատամարտիկ կարող է զենք վերցնել իր ազգի դեմ: «Իշխանությունը թող լավ հասկանա՝ վաղը, մյուս օրը մեզնից յուրաքանչյուրը ամենապոտենցիալ ահաբեկիչ է»,- ասաց նա:
Գառնիկ Մարգարյանի ընկեր Ազատ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արթուր Վարդանյանին Գառնիկ Մարգարյանը երկու անգամ է հանդիպել, այդ մասին Գառնիկ Մարգարյանն ասել է ձերբակալվելուց մեկ օր առաջ:










































