Հնդկաստանի հյուսիս-արևելքի փարթամ ջունգլիներում՝ Բանգլադեշի հետ սահմանից ոչ հեռու գտնվում է Մաուլիննոնգ գյուղը, որտեղ ապրում է քհասի ցեղի մոտ 500 ներկայացուցիչ: Այն առանձնահատուկ է նրանով, որ այնտեղ մայրիշխանություն է տիրում, հայտնում է kulturologia.ru-ն:
Այնտեղ ամեն ինչ՝ հողը, փողը, տները, տնտեսությունը փոխանցվում է մորից աղջկան, ամուսիններն ապրում են իրենց կանանց տանը, երեխաները մոր ազգանունն են կրում, գյուղում բոլոր գործերը կանայք են ղեկավարում:
Գերմանացի լուսանկարիչ Կառոլին Կլյուպպելը որոշել է անձամբ ծանոթանալ այդպիսի կենսակերպին և 9 ամիս ապրել է քհասիների գյուղում: Այդ ընթացքում նա տարբեր ըտանիքների հյուրն է եղել:
Աղջիկ, որը ձուկ չորացնելու հարմարանքն օգտագործել է որպես վզնոց:

Աղջիկները մինչև 11-12 տարեկանը գնում են գյուղի դպրոց, հետո տեղափոխվում են նահանգի մայրաքաղաք, որտեղ ուսումն ավարտում են քոլեջում: Հետո նրանք վերադառնում են Մաուլիննոնգ և հոգ են տանում իրենց ծնողների մասին: Նրանք նաև ընտրության լրիվ իրավունք ունեն՝ ամուսնանալ (նրա հետ, ում իրենք կցանկանան), թե չամուսնանալ:

Միակ բանը, որ գյուղում դատապարտելի է, ընտանիքում աղջիկների բացակայությունն է: Ընտանիքները, որտեղ միայն տղաներ են, անվանում են «անհետացող», որովհետև պարզապես չկա մեկը, ում փոխանցվի ժառանգությունը, ով շարունակի ցեղը:

Այսօր տղամարդիկ կարող են լինել Մաուլիննոնգի գյուղական խորհրդի անդամ, բայց գրեթե երբեք անձնական ունեցվածք չունեն:











































