Ուրբաթ օրը Իտալիան արգելափակել է միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար Թուրքիային 3 միլիարդ եվրո հատկացնելու ԵՄ ծրագիրը: Այս մասին հայտնում է EUobserver պարբերականը:
Իտալիայի ֆինանսների նախարար Պիեր Կառլո Պադոանը չի համաձայնել, որ այդ գումարի մեծ մասը պետք է տրամադրեն Եվրամիության երկրները: Նրա խոսքով՝ ամբողջ գումարը պետք է տրամադրվի Եվրամիության միացյալ բյուջեից: Իտալիան նաև պահանջել է ավելի շատ տեղեկատվություն այն կոնկրետ նպատակների մասին, ինչի վրա կծախսվի այդ գումարը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը մամլո ասուլիսում նշել է, որ չի հասկանում Իտալիայի այդ «զարմանալի» քայլի պատճառները, քանի որ այդ գումարը նախատեսված է ոչ թե Թուրքիայի, այլ նրա տարածքում գտնվող սիրիացի փախստականների համար:
Յունկերը նաև քննադատել է Իտալիայի վարչապետին՝ ասելով, որ «նա ցանկացած հարմար առիթի դեպքում քննադատում է Եվրահանձնաժողովին», որի պատճառը ինքը չի հասկանում:






































