Հայաստանում արդեն մեկ շաբաթ է՝ առերևույթ դիմակայություն է տեղի ունենում հասարակության և առողջապահության նախարարության, կամ հասարակության և պետական կառավարման համակարգի՝ իշխանության միջև: Այդ դիմակայության առանցքում խոզի գրիպի վարակն է: Իսկ դիմակայության առարկան հասարակության ինքնապաշտպանության և կառավարման համակարգի ինքնապաշտպանության բնազդների բախումն է:
Հասարակությունն այդ բնազդով փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչին է պետք պատրաստ լինել, իսկ կառավարման համակարգը՝ ի դեմս առողջապահության նախարարության, հասարակությանը փորձում է համոզել համաճարակի բացակայության հարցում, միաժամանակ որևէ բացատրություն չունենալով առկա իրավիճակի վերաբերյալ, դրանով իսկ համաճարակի բացակայության մասին հանգստացնող հայտարարությունները վերածելով պատասխանատվության հստակ շեշտադրումներից գերատեսչական ինքնապաշտպանության դրսևորման:
Արդյունքում ստացվում է, որ Հայաստանում արդեն մի քանի շաբաթ շարունակ արձանագրվում են խոզի գրիպից մահվան դեպքեր, փակ են պահվում դպրոցներն ու մանկապարտեզները, առկա է դեղորայքային դեֆիցիտ, սուր շնչառական վարակներով դիմումների աճ, մահերի աճ, և այս ամենի ֆոնին պետական համակարգից ընդամենը այլևս ոչինչ չասող հայտարարություններ համաճարակի բացակայության մասին:
Մինչդեռ մարդիկ ուզում են իմանալ՝ լավ, պարզ է, թե ինչ չկա, և ենթադրենք՝ համաճարակ չկա: Բայց կա ինչ-որ բան, որից մահանում են մարդիկ, և այդ ինչ-որ բանի վերաբերյալ պետք է տալ սպառիչ բացատրություններ: Եվ եթե այս բացատրությունները չկան, ապա սա նշանակում է, որ չկա պետական կառավարման համակարգ: Այդ համակարգը կաթվածահար է, և իր առաջին դեմքերի քարոզչական, PR հարցերը լուծելուց բացի, այդ համակարգը ըստ էության ունակ չէ ոչնչի:
Իրավիճակը բազմակի վտանգավոր է դառնում այն առումով, որ խոսքը ըստ էության պատերազմող երկրի մասին է, որտեղ, օրինակ, մի քանի ամիս առաջ անցկացվում էին «Շանթ 2015» համապետական զորավարժանքները՝ կառավարման ողջ համակարգի մասնակցությամբ, որոնք արժանանում էին իշխանությունների ամենաբարձր գնահատականին: Մինչդեռ որևէ համաճարակային վտանգ կամ նման վտանգի թեկուզ չափազանցված սպասում, որը ունի խուճապային ռիսկեր, ուղիղ առնչվում է պետական անվտանգությանը: Եվ հետևաբար՝ պետությունը պետք է ունենար նման իրավիճակում արձագանքի հստակ գործողությունների և քայլերի ծրագիր, դրսևորումներ:
Մինչդեռ մենք տեսնում ենք, որ նման արձագանքի մեխանիզմ ուղղակի չկա: Եվ սա նաև լավագույն գնահատական է, թե ինչ էր իրականում անում կառավարման համակարգը համապետական զորավարժության ընթացքում, և իրականում ինչ է կատարվում այն կամուֆլյաժների տակ, որոնք դեմքի խրոխտ արտահայտությամբ հագնում են կառավարության անդամները՝ լուսանկարային համաճարակի շրջանակում:








































