Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին խստորեն քննադատել է ակադեմիկոսներին, որոնք իրենց ստորագրությունն են դրել այն դիմումի տակ, որում երկրի իշխանություններին կոչ են արել վերջ դնել հարավ-արևելքում իրականացվող սպանդին և «Քրդական հարցը» լուծել խաղաղ ճանապարհով։
Էրդողանն այցելել է Ստամբուլի կենտրոնում Սուլթանահմեթի հրապարակ և հարգանքի տուրք մատուցել օրեր առաջ այնտեղ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհված գերմանացիների հիշատակին։ Իր ելույթում Էրդողանը հրաժարվել է մտավորական անվանել վերոնշյալ գիտնականներին. «Եթե նրանք ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ, ապա թող հայտնվեն խորհրդարանում և անեն դա, իսկ եթե ոչ, ապա նրանք կարող են բարձրանալ լեռները և փոսեր փորել։
Այսքան բաց եմ արտահայտվում։ Մենք պայքարում ենք ահաբեկչական բազմաթիվ կազմակերպությունների դեմ։ Սուլթանահմեթի հարձակումը մեր երկրի վրա ԴԱԻՇ-ի իրականացրած առաջին հարձակումը չէ։ Զոհվել է Գերմանիայի 10 քաղաքացի։ Վիրավորները հիվանդանոցում են։ Մի մասին դուրս են գրել։
Մենք մեր ցավակցություններն ենք հայտնել Գերմանիայի կանցլերին ու նախագահին։ Այստեղից ցանկանում եմ մեր ցավակցությունները հղել զոհվածների ընտանիքներին։ ԴԱԻՇ-ի դեմ մեր պայքարը կշարունակվի մինչև վերջ։
ԴԱԻՇ-ից բացի՝ գործում է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը։ Ահաբեկչական կազմակերպությունների թվում մեր գլխավոր պայքարը անջատողական «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ է, որի հետ միասին Սիրիայի հյուսիսում գործում է նաև PYD-ը («Դեմոկրատական միություն» կուսակցություն)»։









































