Վրացական իշխանությունները որոշել են գազ գնել ռուսական «Գազպրոմից»՝ կապույտ վառելիքը այլ երկրներին վերավաճառելու և անձնական եկամուտներ ստանալու նպատակով, համոզված է վրացի քաղաքագետ, «Black Sea Press» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Գելա Վասաձեն: Ռուս-վրացական բանակցությունները գազային հնարավոր համաձայնագրի շուրջ, ըստ քաղաքագետի, որևէ այլ բանական բացատրություն չունեն, քանի որ իրականում ո՛չ Վրաստանում է մեծացել գազի պահանջարկը, ո՛չ էլ Հայաստանում, որին, ինչպես հայտնի է, գազը հասնում է Վրաստանի տարածքով:
Գելա Վասաձեն «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց, թե ստեղծվում է մի սխեմա, որի միջոցով վրացական իշխանությունները «Գազպրոմի» խոշոր բաժնետեր Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ ռուսական գազը կվերավաճառեն այլ երկրների: Հենց այս համատեքստում մեր զրուցակիցը անդրադարձավ Թեհրան-Թբիլիսի համաձայնությանը՝ Վրաստանին իրանական գազ վաճառելու վերաբերյալ, ասելով. «Կարծում եմ՝ կգործի հետևյալ սխեման. իրանական գազը կմնա Հայաստանում, իսկ ռուսական գազը, որը նախատեսված է Հայաստանի համար, մագիստրալ գազատարով կհասնի Վրաստան և կվերավաճառվի:
– Պարոն Վասաձե, ինչո՞ւ Վրաստանի իշխանությունները որոշեցին գազ գնել Ռուսաստանից:
– Մեր իշխանությունները մի քանի վարկած ունեն, թե ինչու է Վրաստանին անհրաժեշտ հավելյալ գազ, շեշտում եմ՝ հավելյալ: Ընդհանրապես, որտեղի՞ց է գազ ստանում Վրաստանը: Գազը գալիս է հետևյալ աղբյուրներից. առաջինը գազի մեր սեփական պաշարներն են, բայց դրանք քիչ են: Երկրորդը ադրբեջանական SOCAR-ի կողմից մատակարարվող գազն է`ստացվող ամենամեծ մասը, և երրորդը` Վրաստանի տարածքով Հայաստանին տարանցվող գազի 10 տոկոսը ստանում է Վրաստանը:
Հիմա տեսեք, թե ինչ է տեղի ունեցել: Այս վիճակը սկսվել է 2007 թվականից: Մինչ այդ Վրաստանը հիմնականում գազ էր ստանում Ռուսաստանից, բայց 2007 թ. ՌԴ-ն հայտարարեց էներգետիկ շրջափակման մասին և դադարեցրեց գազի մատակարարումը: Այդ ժամանակ էլ ադրբեջանական SOCAR-ը փոխարինեց «Գազպրոմին»: Հիմա հանկարծ պարզվեց, որ անհրաժեշտ է մեծացնել «Գազպրոմի» մատակարարման ծավալները:
Բնականաբար, առաջացան հարցեր, և առաջին վարկածն այն էր, որ Հայաստանում կտրուկ մեծացել է գազի պահանջարկը, Հայաստանը շատ մեծ ծավալներով գազ է ուզում, այդ պատճառով ավելի շատ ենք ստանալու, հետևաբար պետք է բանակցել, թե որքան է այն ավելանում թվերով: Սա, իհարկե, շատ արագ հերքվեց, քանի որ պարզվեց, որ Հայաստանի պահանջարկը չի մեծացել:
Մյուս վարկածը. նրանք ասացին, թե Վրաստանում է մեծացել գազի պահանջարկը, բայց չեն կարողանում բացատրել` ինչո՞ւ է Վրաստանում մեծացել գազի պահանջարկը: Եվ վերջին վարկածը հնչեցրեց ֆինանսների հարցերով կոմիտեի նախագահը, որն ասաց, թե՝ «գիտեք, բանն այն է, որ Ռուսաստանը նախկինում Հայաստանի տրանզիտի համար գազ էր տալիս Վրաստանին, իսկ հիմա ասում են, որ վճարելու են գումարով, և մենք չենք կարող այդ գումարով այդքան գազ գնել, այդ պատճառով անհրաժեշտ է մեծացնել գազի մատակարարման ծավալները»: Այսինքն՝ նրանք կատարյալ հիմարություններ են դուրս տալիս:
– Եվ ի՞նչ է սա նշանակում:
– Սա միայն մի բան է նշանակում. իմ կարծիքով (սա իմ վարկածն է)՝ ստեղծվում է ռուսական գազը այլ երկրներին (Թուրքիայով դեպի Եվրոպա և այլն) վերավաճառելու սխեմա: Վրաստանի նավթի ու գազի կորպորացիան այժմ վերահսկում է Բիձինա Իվանիշվիլու գործընկերային հիմնադրամը, իսկ Իվանիշվիլին «Գազպրոմի» ամենախոշոր մասնավոր բաժնետերն է: Նրանք ուղղակի եկամուտներ են ստանալու տարբերությունից և դնելու են այդ գումարն իրենց գրպանը:
– Այսինքն՝ Դուք համաձայն եք Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցչի հայտարարությանը, որ Իվանիշվիլին այս հարցում հետապնդում է իր անձնական շահերը:
– Այո, այստեղ Իվանիշվիլու անձնական շահերն են, սա ռուսական գազի վերավաճառքի սխեմա է: Բայց ինչո՞ւ հանկարծ այս սխեմայի կարիքը եղավ: Սա բավական ռիսկային սխեմա է, և ես եկա այսպիսի եզրակացության: Հիմա արդեն 2016 թվականն է, առջևում ընտրություններ են: Նախորդ ընտրությունների նախընտրական քարոզարշավին Իվանիշվիլին ավելի քան 1 միլիարդ դոլար է ծախսել, բայց այդ փողերը ստացել է ռուսական ակտիվների մի մասը վաճառելու միջոցով: Բայց հիմա այդպիսի սխեմա ստեղծել չի հաջողվի: «Վրացական երազանքին» հիմա շատ փող է պետք, որպեսզի հաղթի ընտրություններում, իսկ մեր մոտ ճգնաժամ է բոլոր բնագավառներում, և միակ ելքը նրա համար այս ընտրությունները փողով ծածկելն է: Այս սխեման միանգամայն կարող է դառնալ ընտրությունների ֆինանսավորման աղբյուր:
– Ուրեմն սա միայն ֆինանսական և ներքաղաքական դրդապատճառնե՞ր ունի: Իսկ տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից դրդապատճառներ չկա՞ն:
– Ինչ վերաբերում է տարածաշրջանին` ես չգիտեմ, թե որքանով է հաստատված այն տեղեկությունը, որ Հայաստանը գազ է ստանալու Իրանից:
– Իմիջիայլոց, Թեհրանը նաև բանակցում է Թբիլիսիի հետ՝ Վրաստանին գազ վաճառելու հարցի շուրջ:
– Կարծում եմ` կգործի հետևյալ սխեման. իրանական գազը կմնա Հայաստանում, իսկ ռուսական գազը, որը նախատեսված է Հայաստանի համար, մագիստրալ գազատարով կհասնի Վրաստան և կվերավաճառվի: Պարզ է, չէ՞:
– Պարզ է, բայց ամեն դեպքում շատ խճճված է:
– Ըստ էության, սխեման շատ պարզ է: Ժամանակին այն գործել է Վրաստանում Շևարդնաձեի օրոք, երբ լույս էին գնում Ռուսաստանից ու Ադրբեջանից և վերավաճառում էին Թուրքիային: Այն ժամանակ ամբողջ Վրաստանը նստած էր առանց էլեկտրականության: Վերավաճառում էին Թուրքիային, իսկ տարբերությունը դնում էին իրենց գրպանը` գումարը կիսելով, համապատասխանաբար, ռուս չինովնիկների հետ: Նրանք կվերավաճառեն գազը այն երկրներին, որտեղ գազի սակագինն ավելի բարձր է, քան Հայաստանում և Վրաստանում:
– Այսինքն՝ Վրաստանն ու Ռուսաստանը շատ լավ կարող են լեզու գտնել այդ հարցում:
– Նրանք պայմանավորվում են այդ հարցում, որպեսզի առաջին հերթին ապահովեն «Վրացական երազանքի» քաղաքական հաղթանակը:
– Որքան ես հասկացա` Ռուսաստանը սրանով նաև իր շահերն է պաշտպանում Վրաստանում:
– Այո, այո, դուք ամեն ինչ շատ ճիշտ հասկացաք: Ռուսաստանն աջակցում է Իվանիշվիլուն, որն առաջին հերթին «Գազպրոմի» բաժնետեր է, երկրորդ` ռուսական օլիգարխ, երրորդ` Իվանիշվիլու շնորհիվ Վրաստանի կառավարությունում շատ հզոր ռուսական լոբբի կա: Ուստի Ռուսաստանի նպատակը պարզ է, որ Իվանիշվիլին պահպանի իր իշխանությունը:
– Տեղյա՞կ եք արդյոք, որ Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը դեկտեմբերի վերջին պայմանավորվածություն են ձեռք բերել «էլեկտրաէներգետիկ միջանցք» ստեղծելու մասին: Սա ևս բավական հետաքրքիր նախաձեռնություն է:
– Անկեղծ ասած՝ այդ համաձայնության մասին տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կարևորն այն է, որ Իրանը դուրս է գալիս պատժամիջոցների ռեժիմից, և հասկանալի է, որ Իրանը շատ լուրջ ձևով կսկսի միանալ բոլոր այդ գործընթացներին: Այլ խնդիր է, որ Իրանը Ռուսաստանի մրցակիցն է տարածաշրջանում. ոչ թե գործընկերն է, այլ մրցակիցը, որովհետև Իրանն իր գազն ու էներգետիկան ունի: Հետևաբար Ռուսաստանն այժմ ամեն ինչ անելու է Իրանին զսպելու, ինչ-որ կերպ շրջանակների մեջ դնելու համար:
Իրականում որոշողը մենք չենք, մենք մանրուք ենք, մենք ընդամենը տրանզիտային տարածք ենք: Ամեն ինչ որոշվում է համաշխարհային շուկաներում: Իսկ այդ շուկաներում նավթի գներն ընկնում են: Իրանի ելքը, ըստ էության, անխուսափելի է, մեծացել է ամերիկյան գազի մատակարարումը Եվրոպային, նաև Կատարն է պատրաստ գազ մատակարարել Եվրոպային Եվ սիրիական հակամարտությունը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան փորձ՝ թույլ չտալու Կատարին գազը հասցնել Միջերկրական ծով: Իրավիճակը շատ բարդ է, այնպես որ ես խորհուրդ կտայի թե՛ մեր և թե՛ հայ ընթերցողին՝ «զինվել» պոպկորնով և հետևել իրադարձություններին:
– Ընդհանրապես, նշված իրադարձությունները աշխարհաքաղաքական ո՞ր զարգացումների տեսանկյունից պետք է քննարկել, օրինակ՝ նույն Իրան-Արևմուտք հարաբերությունների բարելավման տեսանկյունից, որ մասին խոսեցիք: Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա գազային նախագիծը որքանո՞վ է իրական դառնում հիմա:
– Միանգամայն իրական է: Մեր տարածաշրջանը, օրինակ, էժան էլեկտրաէներգիայի տարանցիկ տարածք է Եվրոպայի համար: Ես գիտեմ, որ նույնիսկ ազգայնականների ժամանակ կարողացել են Վրաստանից էլեկտրաէներգիա վաճառել Սերբիային: Պատկերացնում եք, չէ՞, հեռավորությունը: Հետևաբար այսօրվա տեխնոլոգիաները ամբողջովին թույլ են տալիս իրականացնել նմանատիպ լայնածավալ էներգետիկ ծրագրեր:
– Բայց հարցն այն է, որ այս գործընթացների հետևանքով մեծանում է ռուսական ազդեցությունը: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է դրան վերաբերվում Եվրոպան:
– Ես չեմ կարծում, թե Ռուսաստանի ազդեցությունը մեծանում է: Կրկնում եմ՝ Իրանը Ռուսաստանի մրցակիցն է, իսկ Եվրոպայի համար ամենակարևորը էներգետիկայի դիվերսիֆիկացումն է: Եվրոպան իր նպատակին հասնում է: Իրանի ելքը համաշխարհային շուկա կարևոր ազդեցություն կունենա էներգակիրների՝ առանց այդ էլ ցածր գների վրա՝ անկախ նրանից, թե այդ ելքը կլինի Հայաստանի ու Վրաստանի՞, թե՞ Թուրքիայի տարածքով: Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ հասկանալի է, որ այնտեղ ճգնաժամը խորանալու է:
– Իսկ հնարավո՞ր է, որ հենց Եվրոպան է խրախուսում Վրաստանին էներգետիկ այս ակտիվության մեջ:
– Անկասկած խրախուսում է, առնվազն չի խանգարում:








































