2016 թվականին անհրաժեշտ է վերջ դնել ձգձգվող հակամարտություններին, հաղթել ԴԱԻՇ և մյուս ահաբեկչական խմբավորումներին, ինչպես նաև վերադառնալ միջուկային զինաթափման ուղի: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այս նպատակներն է առաջադրել համաշխարհային կազմակերպությունում իր պաշտոնավարման վերջին տարում՝փոխանցում է TASS գործակալությունը։
«2016 թվականին մենք պետք է վերջ դնենք այն հակամարտություններին, որոնք շարունակվել են գլոբալ տարաձայնությունների պատճառով, շատ ավելին անենք բնակչության խոցելի խմբերի պաշտպանության համար, ինչպես նաև ցույց տանք, որ լրջորեն ենք տրամադրված այն ցնցումների կանխման համար, որոնք մեզ համար պատրաստում է վաղվա օրը»,- ասել Է գլխավոր քարտուղարը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Նա այսօր կներկայացնի ծայրահեղականության կանխման գործողությունների իր պլանը: Այդ պլանը պետք է երկրների համար կողմնորոշիչ ծառայի ազգային ռազմավարություններ մշակելիս: «Մեր մարտահրավերն այն Է, որ հաղթենք ԴԱԻՇ-ին, «Ալ Քաիդային» և դրանց նման խմբավորումներին»,- մատնանշել է Պան Գի Մունը:










































