«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտնել է իր կարծիքը «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Արքայական ակումբ»-ի դարպասապահը և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն բացահայտ արհամարհում են միմյանց: Կասիլյասն ապաքինվելուց հետո խաղադաշտ դուրս չի եկել, քանի որ Մոուրինյոն պատճառ չի տեսնում Դիեգո Լոպեսի` պահեստայինների նստարանին գտնվելու համար: Պորտուգալացի մասնագետը վերջերս հայտնել է, որ խնդիրներ են սկսվում, երբ մեկ ֆուտբոլիստ իրեն բարձր է դասում մյուսներից: Շատերը ենթադրում են, որ խոսքը վերաբերում է հենց Կասիլյասին:
«Իրավիճակը, որում հայտնվել է Կասիլյասը, անհասկանալի է: Բոլորը գիտեն, թե որքան մեծ է Իկերի դերը: Նկատի ունեմ ոչ միայն այն, որ նա չի խաղում, այլև այն, ինչ լսում եմ նրա մասին: Լոպեսը հիանալի դարպասապահ է և գերազանց խաղ է ցուցադրում: Խոսքս, սակայն, մարդկային գործոնի մասին է»,- նշել է Ինյեստան:








































