Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին և դրանից բխող բոլոր հարցերին ԲՀԿ-ն կանդրադառնա վաղը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը: Նա նշեց, որ ողջ գիշեր աշխատել են, ուստի հիմա իրենց ժամանակ է անհրաժեշտ ընտրությունների արդյունքները հասկանալու, դրանք վերլուծելու համար: Ըստ նրա՝ դրանից հետո նոր գնահատական կտան երեկ կայացած ընտրական ողջ գործընթացին:
Նշենք, որ այսօր առցանց լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շատ գործիչներ, քաղաքագետներ և քաղաքացիներ քննարկում են ԲՀԿ-ի և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի՝ Երևանի ավագանու կազմում ստանալիք մանդատները վերցնելու նպատակահարմարության հարցը: Շատերն են գտնում, որ Երևանի ավագանու ընտրություններում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ուժերը պետք է իրենց մանդատները վայր դնեն:
Հիշեցնենք, որ երեկ կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության առաջին նախնական արդյունքների համաձայն «Առաքելություն» կուսակցույունը ստացել է 0.64%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 23.07%-ը, «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը՝ 8.48%-ը, «Հայ Ազգային Կոնգրեսը»՝ 4.39%-ը, ՀՅԴ՝ 3.80%, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 55.89%-ը, «Օրինաց երկիրը»՝ 3.73 % ձայն:








































