Հունվարի 14-ին Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ, դոկտոր Մոհամադ Ջիհադ ալ-Լահամն ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի զարգացումները, ինչպես նաեւ տարածաշրջանային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց հայ-սիրիական հարաբերությունների հեռանկարներին, մասնավորապես, ընդգծվեց միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը:
Հանդիպմանը Սիրիայի խորհրդարանի նախագահը կարեւորեց 2015թ. ապրիլին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների շրջանակներում Երեւան կատարած իր պաշտոնական այցը` ընդգծելով այդ միջոցառումների քաղաքական մեծ նշանակությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում:
Հանդիպման վերջում Սիրիայի ԺԺ նախագահ Մոհամմադ Ջիհադ ալ-Լահամը հերթական անգամ իր համերաշխությունը հայտնեց բարեկամ հայ ժողովրդին: