Երևանի ավագանու ընտրություններն ապտակ էին ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, որոնք այլևս հետընտրական դաշինքի մասին խոսել չեն կարող: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների և քաղաքական հնարավոր նոր իրավիճակի շուրջ:
Նա նշեց, որ երեկ կայացած ավագանու ընտրությունների արդյունքում կուսակցությունները ստացան այն, ինչին արժանացել էին իրենց վարած ընտրարշավի ընթացքում: Ըստ նրա՝ այն, որ Հանրապետական կուսակցությունն իր ընտրական արշավի հիմքում դրել էր տարաջնատել Տարոն Մարգարյանին Հանրապետական կուսակցությունից, գործող նախագահից և Երևանի ոչ ցանկալի կերպար ունեցող հանրապետական գործիչներից, աշխատեց և ոչ քիչ չափով: «Մարդիկ գնում են ընտրում Տարոն Մարգարյանին, ոչ թե Հանրապետական կուսակցությանը: Հանրապետական կուսակցության ստրատեգիան աշխատեց: Ուստի ամփոփելով ասենք, որ Հանրապետական կոսւակցությունը ճիշտ ընտրարշավ իրականացրեց և դա տվեց իր արդյունքները»,- նկատեց փորձագետը: Խոսելով ԲՀԿ-ից՝ ասաց, որ ԲՀԿ-ի ստրատեգիան, թե Երևանի ավագանու ընտրությունները մենաշնորհի դեմ պայքար է և պետք է ամեն ինչ անել Հանրապետական կուսակցության մենաշնորհը վերացնելու համար, չաշխատեց:
«Իհարկե, ԲՀԿ-ն պահեց իր տեղերը, որովհետև նախորդ ավագանիում քանի տեղ ուներ, այնքան էլ մնաց: Ամեն դեպքում ԲՀԿ քարոզարշավի ողջ մեխը սխալ էր դրված: ԲՀԿ-ն չպետք է դներ մենաշնորհի դեմ պայքար, քանի որ մայիսի հինգին մենաշնորհի հարցը չի լուծվում, այլ ապագա Երևանի»,- ասաց Արմեն Բադալյանը: Անդրադառնալով «Բարև Երևան» դաշինքի գրանցած արդյունքին՝ վերլուծաբանն ասաց, թե «Բարև Երևան»-ը պահեց իր դիրքերը, որովհետև ստացավ այնքան ձայն, որքան խորհրդարանական ընտրություններին: Արմեն Բադալյանի համոզմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած այդքան շատ ձայներն իրականում իր ձայները չէին:
Խոսելով ՀԱԿ-ից՝ քաղաքական և ընտրական տեխնելեգիաների փորձագետն ասաց, որ ՀԱԿ-ն ընդհանրապես քարոզարշավ չիրականացրեց և ուժի միակ հույսը ապրիլի 30-ի ՀԱԿ առաջնորդի ելույթն էր:
«Պետք է հասկանալ, որ երբ կոսւակցությունն իր գործողության հիմքում դնում է ոչ թե իր, այլ կուսակցության մեկ հանրահավաքային ելույթը, ապա ստանում է այն, ինչ ստացավ: ՀԱԿ-ը ստացավ այն ինչին արժանի էր իր վարած ընտրարշավի արդյունքում»,- կարծիք հայտնեց Արմեն Բադալյանը: Վերջինս ցավով նշեց, որ այս ընտրությունների արդյունքում միակ «գցվող»-ը ՀԱԿ-ն էր, ավելին այս ընտրություններն ապտակ էին ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի համար, քանի որ այլևս անիմաստ է խոսել հետընտրական դաշինքների մասին: Նրա համոզմամբ՝ այսօր դաշինքի մասին խոսելն անհնար է, այդ ուժերը պետք է մտածեն իրենց կուսակցական կառույցն ամրապնդելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին, «Առաքելություն» կուսակցությանը, ապա քաղաքական վերլուծաբանի կարծիքով այս ուժերը և չպարտվեցին, և պարտվեցին:
«ՕԵԿ-ն այս անգամ Երևանի ավագանիում չհայտնվեց, որովհետև Հանրապետականին պետք չէր: Ստրատեգիական առումով Հանրապետական կուսակցությունը ճիշտ դուրս եկավ, իսկ ոչ իշխանական ուժերը՝ սխալ: ընտրությունները մրցակցային էին, բայց սա ընտրություն չէր կռիվ էր, որը ոչ մի կապ չուներ «ընտրություն» իրական հասկացողության հետ, որովհետև այն հազարավոր խախտումները, որոնք տեղի են ունեցել ցույց են տալիս, որ սա ընտրություն չէր, այլ կռիվ, որին հաղթեց Հանրապետական կուսակցությունը»,- ասաց Արմեն Բադալյանը: Վերջինիս կարծիքով՝ այս ընտրություններից լուրջ հետևություններ պետք է անեն ոչ իշխանական ուժերը, բայց մասնավորապես ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչները. « նրանց հետևությունը պետք է լինի հրաժարական տալը»:











































