Երևանի քաղաքապետի ընտրությունից հետո, այն ընտրությունից քաղաքական շրջանակների մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում ընդդիմության հետագա գործունեության, հետագա անելիքի կապակցությամբ:
Այդ բոլոր հարցերի լավագույն պատասխանն, իհարկե, տալու է ժամանակը, ինչպես որ այսօր տալիս է մինչև քաղաքապետի ընտրություն ընկած ժամանակահատվածում ընդդիմության մարտավարության հետ կապված հարցերի պատասխանը: Ըստ էության, քաղաքապետի ընտրությունն ամեն գնով «անուշադրության» մատնելու, ՏԻՄացնելու իշխանության ջանքերը, ի վերջո, անցան այնքան ապարդյուն: Թեև այսօրվա իրադարձությունների լավագույն պատասխանողը կլինի ամենազոր ժամանակը, այդուհանդերձ հարցեր կան, որոնց պատասխանների մասին կարելի է համարձակվել գոնե մտածել և անել եզրակացություններ, թեկուզ ենթադրությունների մակարդակով:
Միանգամից կարելի է ասել, որ ընդդիմության լինել-չլինելու հարցը դուրս է օրակարգից` հենց թեկուզ ՀԱԿ նախօրեի հանրահավաքը նկատի առնելով: Խոսքը կարող է գնալ ընդամենը ընդդիմության հանրային ռեսուրսի ավելանալու կամ պակասելու մասին: Ու նաև խոսք կարող է գնալ այն մասին, որ կախված ընդդիմության հետագա մարտավարությունից, կարող են այդ կառույցի ներսում առաջանալ տարակարծություններ կամ կարող են ավելի արտահայտիչ դառնալ մինչ այժմ եղած մարտավարության վերաբերյալ տարակարծությունները: Դա ամենևին չի կարելի համարել ընդդիմության չլինելու կամ վերջի նախադրյալ: Բանն այն է, որ Ընդդիմության համար լինել-չլինելու հարց դնողները ելնում են սխալ, կարելի է ասել` թյուր մեկնակետից, այն առումով, որ նրանք Երևանի քաղաքապետի ընտրությունը համարում էին ընդդիմության լինելիության խնդիր:
Այո, այսօր էլ իշխանությունությունն անում է ամեն ինչ հերթական անգամ հաղթելու սեփական ժողովրդին, սակայն դեռևս որևէ մեկի համար հստակ չէ, թե ինչի գնով է հաղթելու իշխանությունը: Չէ՞ որ հաղթանակն ու պարտությունը որոշվում է նրանով, թե ինչի գնով է ձեռք բերվել մեկը և ինչ կորստի է հանգեցրել մյուսը: Հետևաբար շատ դժվար է ընտրության օրը չավաչտված դատողություն անել հաղթանակի ու պարտության մասին, առավել ևս` եթե կյանքը շարունակվում է, ու առավել ևս` եթե ընտրությունն էլ կյանքը շարունակելու համար է, անկախ դրա արդյունքից: Ի վերջո, քաղաքականության մեջ արդյունք հասկացությունը հարաբերական է և գործընթացն է առարկայականը: Սա չի նշանակում, իհարկե, որ ընտրությունը նոր խնդիրներ և մարտահրավերներ չի դնում ընդդիմության առաջ: Հենց միայն այն, որ կարող են մոտեցումների շուրջ առաջանալ տարաձայնություններ, որ կարող են լինել հիասթափվածներ` արդեն իսկ խնդիր է: Արխայինությունը քաղաքականության լավագույն ուղեկիցը չէ: Սակայն քաղաքականության լավագույն ուղեկից չեն նաև հուսահատությունն ու կարճատեսությունը: Հետևաբար ընդդիմությունն ունի այդ երկու իրողությունների միջև հավասարակշռություն պահելու խնդիր: Ընդ որում` այդ խնդիրը, թերևս, եղել է միշտ, և քաղաքական տևական պայքարը եղել է դրա արդյունավետ լուծումը, քանի որ հավասարակշռությունը պահելու համար ռադիկալ գործողություններն ամենևին էլ իմաստուն որոշում չեն կարող լինել: Բանն այն է, որ լարախաղացը լարի վրա մնալու համար պետք է ձեռնպահ մնա վազելուց և լինի համբերատար:
Ինչ խոսք, այդ դեպքում առաջանում է քնով անցնելու վտանգ, սակայն չքնելու այլընտրանքը գլխակորույս վազքը չէ, այն էլ այնպիսի բարակ լարի վրա, ինչպիսին այսօր իրենից ներկայացնում է Հայաստանի ներքին ու արտաքին իրավիճակների համադրությունը: Հայտնի ճշմարտություն է, որ քաղաքականությունը կարծիքների և մտքերի բախում է, առավել ևս, երբ այդ ամենն էլ պարբերաբար բախվում է բազուկներին և զենքերին, կարծիքներն ու մտքերը դառնում են բազմազան: Սակայն ամեն ինչ միագիծ է դառնում, երբ կարծիքն ու միտքը վեր են ածվում զգացմունքի: Ներկայիս ընդդիմությունը հենց դրանով է առանձնացել՝ բանականությունը ենթարկել է զգացմունքին, ոչ թե զգացմունքը բանականությանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































