Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծերենցի 4-րդ նրբանցքում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի վրա փակցված էր նրա մեծածավալ պաստառը: Շտաբը փակ էր, բայց շտաբի աշխատակիցներից մեկը դրսում էր ու ասաց, որ երևի մոռացել են հանել:
Հիշեցնենք, որ այսօր քարոզչական որևէ միջոցառում չի թույլատրվում իրականացնել, այդ թվում նաև՝ թեկնածուների պաստառները փակցնել: Երբ «Առաջին լրատվական»-ի լրագրողը մոտեցել է շտաբի հարևանությամբ գտնվող 8/28 ընտրատեղամաս, հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սամվել Դանյանը արդեն տեղյակ էր այդ մասին: Նա մեր թղթակցին ասել էր, թե՝ սխալ եք նկատել, սուտ եք խոսում, և շտաբի վրա որևէ պաստառ փակցված չէ՝ ասելով, թե՝ գնացեք և տեսեք՝ կա՞, թե՞ չէ:
Մոտ կես ժամից երբ մեր թղթակիցը վերադարձել է շտաբի մոտ, տեսել է, որ պաստառը հանված է, փոխարենը ավելի փոքր չափերի ՀՀԿ-ի նշան է փակցված: Այդ ընթացքում նրանք հասցրել էին շտաբի վրայից հանել Տարոն Մարգարյանի պաստառը:
Մալաթիա-Սեբաստիայի ողջ համայնքում թե շտաբների, թե փողոցային ցուցանակների վրա փակցված են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի քարոզչական պաստառները, ինչը ևս Ընտրական օրենսգրքի խախտում է:
8/28 ընտրատեղամասում դիտորդները տեղեկացրել են, որ առավոտյան այնտեղ կուտակումներ են եղել, մի քանի հոգով են մտել քվեախցիկ և իրար օգնելով՝ քվեարկել են: Այդ կուտակումներին և քվեարկություններին նպաստել և ուղղորդել է հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Ս. Դանյանը:
Մինչդեռ հանձնաժողովի ՀԱԿ անդամ Կարինե Մուրադյանը, ով առավոտից հետևում է այդ իրադարձություններին, ասել է, որ ինքը որևէ նման կուտակում կամ խախտում չի նկատել:






































