Այս տարի կառավարությունում հրավիրված առաջին խորհրդակցության ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավանություն տվեց արտահանման խթանման խորհուրդ ստեղծելու առաջարկությանը, որը, ըստ նրա, կզբաղվի և´ երկարաժամկետ խնդիրներով, և´ համապատասխան ծրագրերի հիման վրա սեղմ ժամկետում օպերատիվ աջակցություն կցուցաբերի արտահանող ընկերություններին: Ըստ այդմ՝ քննարկվել են առաջարկությունները արտահանման տեմպերն ավելացնելու, նոր շուկաներ մուտք գործելու և արտահանումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:
Ինչպես հայտնի է, հայաստանցի արտադրողների հիմնական շուկան Ռուսաստանն է, և պատժամիջոցների արդյունքում անտեղի ճգնաժամի պատճառով արտահանմամբ զբաղվող հայաստանյան շատ ընկերություններ լուրջ խնդիրների առաջ են կանգնել:
Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքներ արտահանող «Արմենֆրութ» ընկերության հիմնադիր Ահարոն Խլղաթյանը թերահավատ է խորհրդի քայլերի հաջողության առթիվ: «Քանի Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը չի վերացել, ոչ մի հույս էլ չունենք: Գնողունակությունը թույլ է Ռուսաստանում այժմ: Խնդիրները Ռուսաստանից են գալիս: Արտահանելու հետ կապված լուրջ խնդիրներ չկան, եթե Ռուսաստանում գնողունակությունը բարձրանա, լուրջ խնդիրներ չեն լինի»,- մեզ հետ զրույցում ասաց արտահանմամբ զբաղվող ընկերության ղեկավարը:
«Արմենֆրութը» ժամանակին բավականին մեծ ծավալներով արտահանում է իրականացրել, սակայն ընկերության ղեկավարի խոսքերով՝ վերջին տարիներին իրենց գործունեությունը գնալով նվազել է: «Վերջին ամիսներին ոչինչ էլ չենք արտահանել»,- ասաց Խլղաթյանը՝ հավելելով. «Այսօր մասնավոր մարդիկ մեքենաներով խաղող են տարել, չեն կարողանում վաճառել: Պյատիգորսկում մոտ 20 մեքենա կա կանգնած»:
Գործարարի խոսքերով՝ անգամ Թուրքիայի հանդեպ ՌԴ պատժամիջոցները չեն օգնում հայաստանցի արտահանողներին. «Թուրքական ապրանքների արգելքը մեզ կօգներ, եթե կարողանայինք համարժեք գնով ու քանակով ապրանք ունենալ: Գնացեք, տեսեք, օրինակ, պոմիդորն էստեղ ինչ արժի: 1500 դրամով չենք կարող պոմիդոր գնել ու Ռուսաստանում այն վաճառել»:
Արտահանող գործարարի խոսքերով՝ այլ շուկաներ մտնելու համար գյուղատնտեսությունում պետք է լուրջ ներդրումներ արվեն պլանտացիաների միջոցով արտադրություն ստեղծելու և այլ երկրներում վաճառվող գյուղմթերքների գների հետ մրցել կարողանալու համար: «Մենք գյուղատնտեսական արտադրանք չունենք լուրջ շուկաներ մտնելու համար: Մեզ արտադրանք է պետք: Հայաստանի գյուղացիական մթերքների արտադրական մասշտաբները փոքր են: Չկան մեծ տնտեսություններ, որոնց հետ կարելի է երկարաժամկետ պայմանագրեր կնքել ու արտահանել»,- ասաց գործարարը՝ հավելելով. «Մենք գնում ենք, գյուղացիներից առնում ենք, գյուղացիներն էլ ուզում են թանկ գնով վաճառեն»:
Գործարարն ասում է, որ կառավարության միակ օգնությունը այն կարող է լինել, որ կոնկրետ ընկերությունների գումար տրամադրի երկարաժամկետ վարկի տեսքով գյուղմթերքներ արտադրելու համար, ընկերությունը արտադրություն կազմակերպի, այդ արտադրանքը վաճառի արտերկիր:
«Հայաստանում պետք են երկարաժամկետ էժան միջոցներ, որ հնարավոր լինի կազմակերպել գյուղմթերքների մեծամասշտաբ արտադրություն և այդ արտադրությամբ ներկայանալ տարբեր երկրների շուկաներում: Կառավարության ուրիշ ոչ մի քայլ օգուտ չի տալու,- ասաց գործարարը՝ շարունակելով,- օրինակ՝ հայկական ծիրանը բրենդ է համարվում և վաճառվում է, սակայն բանջարեղենը Հայաստանից տանելը թանկ է ստացվում, քանի որ այլ երկրներից Ռուսաստան ավելի էժան բանջարեղեն են ներկրում: Մեծ մասշտաբներ չկան, ունենք գյուղացի, որն ուզում է իր փոքր ծավալով ապրանքը թանկ վաճառել, իսկ այլ երկրներում պլանտացիաներ կան, իրենք կարողանում են մտնել Ռուսաստանի շուկա մեզնից համարյա երկու անգամ էժան գնով»:












































