ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ 2016 թվականի առաջին թվիթերյան գրառումով հարց էր տվել, եթե երբ, եթե ոչ հիմա պետք է խթանել Ղարաբաղյան կարգավորման գործընթացը և գալ փոխհամաձայնության:
Ամերիկացի համանախագահի թվիթերյան գրառումներն արդեն վաղուց վերածվել են հակամարտության կարգավորման միջնորդական յուրօրինակ գործիքի, որով Ուորլիքը կարծեք թե փորձում է սոցցանցային ակտիվ հանրության ձեռքը պահել կարգավորման գործընթացի զարկերակի վրա՝ պարբերաբար հղելով որոշակի մեսիջներ, հասարակության ուշադրությունը բևեռելով այս կամ այն դրվագի վրա, հաճախ ուղիղ և բաց գրառումներով, հաճախ՝ նուրբ ակնարկներով:
Ըստ էության, Ուորլիքը դրանով որոշակի նոր ոճ է բերել համանախագահների գործունեության ոլորտ, ինչի միջոցով ապահովել է հասարակական անհամեմատ ավելի բարձր ներգրավվածություն գործընթացին, քան մինչ այդ:
Եվ սա, ըստ էության, լոկ ոճական խնդիր չէ, այլ կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգների մոտեցման դրսևորում է: Վկայություն է այն, որ տարեվերջին, երբ ադրբեջանցիները տեղեկություն տարածեցին, որ ԱՄՆ-ը շուտով կփոխարինի Ուորլիքին, Վաշինգտոնը հերքեց այդ տեղեկությունը և վերահաստատեց իր վստահությունը Ուորլիքի հանդեպ: Սա նշանակում է, որ ամերիկացի համանախագահը կշարունակի հասարակության ներգրավվածության ուղղությամբ ջանքը:
Կունենա՞ արդյոք դա նոր դրսևորում կամ նոր դինամիկա 2016 թվականին: Մեծ հաշվով, այս քաղաքականությունը մասն է այն մոտեցման, որի մասին Ուորլիքը և այլ ամերիկացի դիվանագետներ հայտարարել են բազմիցս, որ անհրաժեշտ է երկխոսություն հասարակությունների միջև: Սա նշանակում է, որ կարգավորման գործընթացը ռազմա-քաղաքական մանիպուլյացիաներից զերծ պահելու համար անհրաժեշտ է, որ այն քաղաքական կամ իշխանական սուբյեկտների գերազդեցությունից որոշակիորեն տեղափոխել հասարակական ազդեցության դաշտ:
Սա, իհարկե, կայունության առավել բարձր երաշխիք կլինի, հետևաբար հնարավորություն կտա մեղմել լարվածությունը, որ հրահրում է Ադրբեջանը: Ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք Ադրբեջանում հնարավո՞ր է հասարակություն, որը դուրս է Ալիևի վերահսկողությունից: Սրան զուգահեռ, խնդիրը նաև հակամարտության կարգավորման գործընթացի վրա Ռուսաստանի ապակառուցողական ազդեցությունը թուլացնելն է, ինչը ևս հնարավոր է հասարակական բաղադրիչն ուժեղացնելով: Այստեղ էլ, սակայն, ի հայտ է գալիս այն հանգամանքը, որ Մոսկվան մեծ ազդեցությունի ունի հետխորհրդային երկու երկրների և Արցախի չճանաչված հանրապետության հասարակությունների վրա: Իսկ քաղաքացիական, իրավագիտակից հասարակական շերտերի ծավալը բավարար չէ կարգավորման գործընթացում ներգրավված սուբյեկտների հարաբերակցությունը փոխելու համար: Առավել ևս Ադրբեջանի պարագայում իրավիճակը գործնականում փակուղային է, քանի որ քաղաքացիական հասարակական սեգմենտ՝ որպես այդպիսին, այնտեղ կարծես թե գոյություն չունի:
Այս իմաստով, 2016-ին հեռանկարները, իհարկե, այնքան էլ վարդագույն չեն: Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչի հեռանկարներին, ապա այստեղ իրավիճակը հազիվ թե գա էական փոփոխությունների՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանում նախընտրական տարի է, և որևէ մեկը չի գնա Ղարաբաղյան հարցում ռիսկային քայլերի, եթե ընդհանրապես այդպիսի քայլեր հնարավոր են նույնիսկ ոչ նախընտրական տարիներին:
Հետևաբար, սպասումը կարող է վերաբերել շատ ավելի ցածր նշաձողի՝ լարվածությունը գոնե կթուլանա մի փոքր, Ադրբեջանը մի փոքր կնվազեցնի, կամ Ադրբեջանին կստիպե՞ն մի փոքր նվազեցնել հրադադարի խախտման ինտենսիվությունը, թե՞ ոչ: Սակայն այստեղ առանցքայինը ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն են:
Նախորդ տարեվերջին Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա շաբաթներին կամ ամիսներին հնարավոր է տեսնենք գործնական քայլեր հետաքննությունների մեխանիզմի ներդրման ուղղությամբ: Եթե այդ հայտարարությունը հիմնված էր որոշակի իրական նախադրյալների վրա, ապա դրանք կարող են լինել լոկ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում: Հետևաբար, Ղարաբաղյան խնդրում իրավիճակը 2016 թվականին պայմանավորված է լոկ այդ հարաբերություններով, քանի որ միայն փոխհամաձայնության դեպքում է հնարավոր Ադրբեջանի սադրանքները զսպելը, երբ Ռուսաստանն աջակցի հետաքննությունների մեխանիզմի ներդրմանը, կամ ավելի շուտ՝ ստիպված լինի աջակցել՝ չունենալով դիմադրելու մեծ ուժ:









































