«Մենք շարունակում ենք ընթանալ սխալ հունով: Մեր բոլոր շարժումները ջախջախվել են, դրանցից ոչ մեկը դրական փոփոխության չի հանգեցրել, մեր բոլոր նախագահները ծրագրեր են ներկայացրել՝ իրենց կուսակցությունների հետ, կարելի է ասել, որ այդ ծրագրերը չեն իրականացել, և իրենք էլ են ջախջախվել»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Վերելք» հիմնադրամի նախագահ, վերլուծաբան և հրապարակախոս Արծրուն Պեպանյանը:
Հրապարակախոսի կարծիքով՝ որպեսզի կարողանաս իրականությունը փոխել, պիտի կարողանաս այն ճանաչել: Ըստ Ա. Պեպանյանի՝ մեր քաղաքական դաշտը, մտավորականությունը, քաղաքականամերձ մտածողները զլանում են իրականությունն ամբողջությամբ ճանաչել, տրվում են մակերեսային վերլուծությունների, գտնում են կեղծ թիրախներ:
Արծրուն Պեպանյանն առանձնացրեց 4 երևույթ, որոնք բացասական ազդեցություն են թողնում մեր իրականության վրա:
«Կապիտալիզմի տեսաբանները 150 տարի առաջ պարզել են, որ այնտեղ, որտեղ պետական ունեցվածքի վերաբաժանում է կատարվում, առաջանում է սոցիալական աղետ: Այս փուլը հասարակության ստորին շերտերի համար, որոնք ազգի, հայրենիքի զգացողություններ չունեն, համարվում է ոսկե դար: Նրանք ի հայտ են գալիս, ունեցվածք են ձեռք բերում, մերձենում են իշխանությանը և իրենց մշակույթն են սկսում թելադրել. սա առաջին բացասական գործոնն է»:
Երկրորդ գործոնը, ըստ Ա. Պեպանյանի, այն է, որ դարեր շարունակ գտնվելով օտար լծի տակ՝ մեր ժողովուրդի մոտ ձևավորվել է ցանկացած դժվարին պայմաններում սեփական անձի, ընտանիքի գոյատևումն ապահովելու հատկանիշ, սակայն մենք չունենք պետական մտածողություն:
Ա. Պեպանյանը նշեց, որ երրորդ բացասական գործոնն այն է, որ երբ որ ուրիշի Սահմանադրությունն է բերվում, այդ օրենքները չեն աշխատում. «Պետք է ժողովրդին նախապատրաստել, պետք է փոխվի ժողովրդի մտածողությունը:
Որպես կանոն այս դեպքում ևս ստորին խավը, որը մեզ մոտ ավելի ակտիվացած էր կապիտալիզմի կայացաման փուլում, իր օրենքներն է բերում և հաստատում: Մեր կյանքում իրականում գործում են այդ շերտի օրենքները՝ ընդհուպ մինչև իշխանության վերին մակարդակները»:
Մեր իրականության վրա բացասական ազդեցություն թողնող չորրորդ գործոնը, ըստ Ա. Պեպանյանի, այն է, որ դրսի որոշ ուժերի ձեռնտու չէ, որ մենք ուշքի գանք, փորձենք կայանալ, հզորանալ:
«Հայաստանում ոչ մի ընտրություն էլ հնարավոր չէ անցկացնել, դրա համար պետք է համապատասխան ժողովուրդ, պետք են համապատասխան ինստիտուտներ, որ մենք չունենք: 95-96թթ. իշխանության ներսում եմ եղել, տեսել եմ, թե ինչպես են ընտրություններն անցկացվում, ոչինչ չի փոխվել, իշխանությունն ավելի է հմտացել այդ գործերում»,- նշեց հրապարակախոսը: Նրա դիտարկմամբ՝ այս ճանապարհով գնալով՝ ընտրություններ անցկացնելով և դրսի օրենքները փորձելով կիրառել, մենք ևս մեկ անգամ վնասելու ենք մեզ. «Մենք ազգային վնասարարություն ենք անում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































