Հայաստանի քաղաքական ուժերի շրջանում, այդ թվում` ընդդիմադիր դիրքերից հանդես եկող, նորություն չէ միմյանց անվանարկելը, քննադատելը, միմյանց դիմակ պատռելու կամ մերկացնելու փորձերը:
Անուններ, իհարկե, չարժե տալ, ոչ միայն այն պատճառով, որ դա կարող է դիտվել լռության օրվա կանոնների խախտում, այլ որովհետև երևույթը և դրա կամա, թե ակամա մասնակիցները Հայաստանի հասարակությանը բավական ծանոթ են: Նաև ծանոթ են այն խոսքերը, որ հնչում են նման դեպքերի վերաբերյալ հասարակական հարցադրումներից հետո, երբ ընդդիմադիր ուժերին կամ այդպիսին ներկայացող ուժերին որևէ մեկը կշտամբում է միմյանց դեմ կռվելու և այդպիսով իշխանության խնդիրները թեթևացնելու համար: Նման դեպքերում, թեև նաև առանց ավելորդ հարցադրումների ու կշտամբանքների, այլ ինքնաբերաբար, որպես հաջորդ քայլ, հնչում են հայտարարություններ, թե էլի ուշ չէ միավորվել, և կարող են մի կողմ դնել հավակնություններն ու նեղացածությունը և մի բռունցք դառնալ:
Այս ամբողջությունը հայաստանյան քաղաքական կյանք կոչվածի հիմնական «բեմադրություններից» մեկն է, որին հանդիպում ենք շատ հաճախ: Այն, որ այստեղ գործ ունենք հաջող կամ անհաջող, բայց ընդամենը դերասանական խաղի հետ, երևի թե որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, քանի որ տրամադրությունները քաղաքական ուժերի մոտ փոխվում են ժամ առ ժամ և մի պահ նրանք կարող են միմյանց հետ միավորվելու հավաստիացումներ տալ, իսկ հաջորդ պահին կրկին «կծել» իրար: Իսկ եթե անգամ սա դերասանական խաղ էլ չէ, ապա առավել քան մտահոգիչ ու տարօրինակ են ադեկվատության նմանօրինակ տատանումները ժամ առ ժամ կամ օր առ օր:
Վերջին հաշվով, սա հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի հիմնարար խնդիրներից մեկն է, որը չլուծելու, կամ որի վերաբերյալ հանրային հստակ մոտեցումներ ու չափանիշներ չձևակերպելու դեպքում հանրությունը մասնակից է լինելու այդ ոչ ադեկվատության վայրիվերումներին, որոնց միջոցով էլ շահում է միմիայն իշխող համակարգը և յուղվում դրա վերարտադրության վաղուց արդեն ժանգոտած, բայց շարունակաբար գործող անիվը:
Ի՞նչն է հարցը:
Հարցն այն է, որ Հայաստանում անհրաժեշտ է, նույնիսկ հրամայական է իշխանությանը հակադիր հասարակական համակարգի ձևավորումը: Այդ համակարգի կառուցվածքի շուրջ կարելի է քննարկումներ ու բանավեճեր ունենալ, սակայն երևի թե ավելի ու ավելի քչերն են կասկածում, որ իշխող համակարգին հնարավոր է հակադրվել միայն այլընտրանքային հարաբերությունների համակարգով, որի կարևորագույն առաքելություններից մեկը կլինի հասարակության արժեքային պատկերացումներն ու կողմնորոշումները փոխելը, ինչն էլ կդառնա համակարգին ոտքի տակի հողից զրկելու էական քայլերից մեկը:
Դա ենթադրում է, որ այլընտրանքային համակարգը պետք է հնարավորինս զերծ լինի դերասաններից, թատերականացումից: Այն պետք է լինի դիտարժան, հետաքրքիր, սակայն ոչ թատրոն կամ կրկես, ինչին ականատես ենք լինում այսօր:
Դրանում կարևորագույն արժեքներից մեկը պետք է լինի խոսքի արժեքը, որը Հայաստանում ոտնահարվում է գրեթե ամեն մի նախընտրական և հետընտրական ժամանակահատվածում: Տվյալ դեպքում, մենք գործ ունենք խոսքի արժեքի ակնհայտ ոտնահարման հետ: Օրինակ` մի օր քաղաքական ուժերը կարող են թույն լցնել իրար վրա,- արդարացի, թե անարդար` այլ հարց է,- իսկ մյուս օրը կարող են միմյանց հետ ինչ-որ ռազմավարական համաձայնությունների մասին խոսել և անգամ երդումներ տալ: Ու հետո` մի քանի օր անց, կամ թեկուզ հենց հաջորդ ժամին, կրկին կարող է այս կամ այն ուժից դուրս գալ հերթական կսմիթը: Հասարակությունն այդ ամենի ականատեսն է, և հասարակությունը դառնում է ունկնդիրը, թե ասենք ինչպես է մի որևէ ուժ ներկայացվում որպես հետադիմական, որը իր մտածողությամբ, որը իրական տեսակի առումով ոչնչով չի տարբերվում իշխանություններից:
Եվ այսքանից հետո, դեմոկրատական վերափոխումների և մոդեռնիզացիայի դիրքերից հանդես եկող ուժերը կարող են հայտարարել, որ չնայած այս-այս անհամաձայնություններին և տհաճություններին, իրենք պատրաստ են հանուն միավորման մի կողմ դնել տարաձայնությունները և նեղացածությունը, ու համագործակցել կամ միանալ իշխող ռեժիմի դեմ պայքարում: Սա ընդհանրապես օդով լցված հայտարարություն է, որով արդեն տարիներ շարունակ լվացվում է հանրային ուղեղը:
Չէ՞ որ «իշխող ռեժիմ» հասկացությունը դա նաև մտածողությունը, մշակույթը, արժեքներն ու փիլիսոփայությունն են, տեսակն է: Հետևաբար, եթե որևէ ընդդիմադիր կամ այդպիսին ներկայացող ուժ հռչակվում է այդ տեսակին և մտածողությանն ու արժեքներին համահունչ, առավել ևս` երբ հռչակումը փորձ արվում հիմնավորել բավական ակնառու փաստարկներով, ապա իշխող համակարգի դեմ պայքարը արդեն ոչ միայն ենթադրում, այլև պահանջում է ոչ թե միավորում այդ ուժի հետ՝ «մի կողմ դնելով ինչ-ինչ բաներ», այլ սեփական խոսքին և հռչակած արժեքներին հավատարմություն, խոսքի արժեքի պահպանում:
Համակարգի դեմ պայքարի, իշխող համակարգը ոտքի տակի հողից զրկելու հարցում շատ ավելի կարևոր է ոչ թե տվյալ ուժի հետ միավորվելը, առավել ևս, երբ ի վերջո նման բան չի ստացվում և պարզապես օբյեկտիվորեն չի կարող ստացվել, այլ հասարակության մոտ խոսքի արժեքը պահելն ու արժեքների տրանսֆորմացիայի գործընթացին հավատարիմ մնալը: Դա ամենևին ընդդիմադիր դաշտի պառակտում չէ, այլ հասարակական-քաղաքական միջավայրի ֆիլտրացիա՝ արժեքային ֆիլտրների միջոցով հետագա աղտոտումը կանխարգելելու կոնկրետ ձեռնարկով:









































