Ճապոնական Panasonic կոռպորացիան Facebook-ի հետ համագործակցությամբ մշակել է օպտիկական սկավառակների վրա մեծ քանակությամբ տվյալներ պահելու նոր համակարգ: Այն պետք կլինի տվյալների բազաների կենտրոններին՝ թանկարժեք տեղ ազատելու համար սերվերների վրա այսպես կոչված՝ սառը, այսինքն՝ հազվադեպ պահանջված կամ ընդհանրապես երբեք չպահանջված տվյալներից: Այս մասին հայտնում է hitech.vesti.ru-ն:
freeze-ray կոչվող տեխնոլոգիան ամբողջ աշխարհում տվյալների մշակման կենտրոններին հնարավորություն կտա խնայել շահագործման ծախսերի և էներգասպառման հարցում՝ միաժամանակ ռիսկի չենթարկելով արխիվներում պահվող տեղեկության ապահովությունը: Օպտիկական սկավառակների առանձնահատկությունները՝ երկարակեցությունը, նախորդ տարբերակների հետ համատեղելիությունը, ցածր էներգասպառումը և կայունությունը արտաքին միջավայրի փոփոխությունների նկատմամբ, դրանք դարձնում են օպտիմալ լուծում «սառը» պահպանման համար:







































