Պարզվել է չարագործի ինքնությունը, ով սպանվել է Փարիզի ոստիկանության կոմիսարիատի շենք ներխուժելու փորձի ժամանակ։ 20-ամյա երիտասարդը ծագումով Մարոկկոյից է և նախկինում ենթարկված է եղել քրեական պատասխանատվության։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Երեկ, երբ Փարիզում նշում էին Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա իսլամիստների իրականացրած հարձակման տարելիցը, դանակով ու կեղծ «Շահիդի գոտիով», «Ալլահ աքբար» գոչելով՝ նա փորձել էր ներխուժել մայրաքաղաքի 18-րդ շրջանի ոստիկանության կոմիսարիատի շենք։ Հենց այդ ժամանակ էլ ոստիկանների արձակած կրակոցից սպանվել էր։
Նրա մարմնի վրա հայտնաբերվել է հեռախոս, ԴԱԻՇ-ի դրոշով թերթիկ և արաբերեն ձեռագիր հայտարարություն, որում ասվում է, որ նա գործում է՝ վրեժ լուծելու Սիրիայի զոհերի համար։
Քննության տվյալներով՝ Ալի Սալահ անունով երիտասադը ծնվել է 1995 թվականին, Կասաբլանկայում։ 2013 թվականին նա պատասխանատվության է ենթարկվել Ֆրանսիայում մանր գողության համար։
Արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան հայտարարել է, որ Սալահը նախկինում աչքի չի ընկել արմատական տարրերի հետ կապերով։ «Դա կարող է նշանակել, որ նա հանկարծակի է միացել ինչ-որ ցանցի, կամ դա վկայում է հոգեկան անհավասարակշռության մասին։ Այդ ամենը կպարզի քննությունը»,- ասել է նա։











































