Դանիայի կառավարությունը Պաղեստինի պաշտոնական ներկայացուցիչներին շնորհել է նույն դիվանագիտական կարգավիճակը, ինչ այլ երկրների ներկայացուցիչներին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին Հյուսիսային Եվրոպայի արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է Դանիայի ԱԳ ղեկավար Վիլլի Սյնդուալը:
«Դա համապատասխանում է մեր ջանքերին` ընդունել սեփական պետություն ունենալու պաղեստինցիների իրավունքը: Պաղեստինն այժմ գտնվում է զարգացման փուլում: Հույս ունենք, որ դա Պաղեստինի ղեկավարությանը կդրդի մասնակցել խաղաղ բանակցություններին»,- ասել է նա:
Հելսինկիի համանման քայլի մասին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղեկացրել է նաև Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկի Տումոիյան:
Շվեդիան և Նորվեգիան ավելի վաղ Պաղեստինի ներկայացուցիչներին արդեն շնորհել են դիվանագիտական կարգավիճակ:
Բացի այդ, Դանիայի կառավարությունը որոշում է կայացրել Պաղեստինին տրամադրել հավելյալ 21 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն` պետական սեկտորի, թոշակների և սոցիալական օգնության ծախսերը փակելու համար:










































