ՌԴ-ն չի ցանկանում ԼՂ հակամարտության գործընթացում առաջատար դիրքեր զբաղեցնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովն՝ անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը և դրան հաջորդած՝ Էդուարդ Նալբանդյանի այցին Ղարաբաղ:
Ռուսաստանցի փորձագետը նշեց, որ Հայաստանում նախագահական ընտրություններ են կայացել, միգուցե այդ քաղաքական միջոցառումից հետո որոշակի ճշգրտումների կարիք կա տարածաշրջանում, և Էդուարդ Նալբանդյանի այցը Մոսկվա, ապա Ղարաբաղ պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: Ըստ նրա, պետք չէ հատուկ ինչ-որ բան փնտրել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարություններում, որովհետև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բոլոր միջնորդները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, առանձնապես ոգևորված չեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլից, ավելին՝ բանակցային գործընթացն առաջ չի շարժվում, և բոլոր միջնորդները ցույց են տալիս իրենց դժգոհությունը սրա վերաբերյալ:
«Անհրաժեշտ է հասկանալ, որ միջնորդների դերը կայանում է նրանում, որ հնարավոր դարձնեն բանակցային գործընթացը և երաշխավորեն կողմերի միջև շարունակական շփումը, լուծման ընդունելի տարբերակները: Մենք տեսնում ենք, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի մոտ առաջընթաց չկա: Ընդհակառակը՝ մենք նկատում ենք շփման գծում կրակոցներ, ուստի այս դեպքում ասել, որ միջնորդներն իրենց առաջատար դիրքեր գրավելու համար կստիպեն կողմերին գնալ ինչ-որ զիջումների, ընդունել կարգավորման ինչ-որ մոդել, սա մի քիչ սխալ է: Ամեն ինչ հենց կողմերից է կախված, նրանք կարող են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, կամ էլ կձգտեն խաղաղ կարգավորման»,- մեկնաբանեց Ալեքսանդր Կռիլովը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն օրեր առաջ պաշտոնական այցով մեկնել էր ՌԴ, որտեղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նալբանդյանի հետ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Մոսկվան առաջընթաց չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Անմիջապես մոսկովյան այցից հետո Նալբանդյանը մեկնել է Ղարաբաղ:










































