«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը այսօր ևս չի կարողացել բողոք ներկայացնել Հատուկ քննչական ծառայություն Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանության կողմից բռնության ենթարկված ակտիվիստների գործով։
«Երեք օր է՝ չենք կարողանում բողոքներ ներկայացնել։ Դատախազությունը փակ է, չի աշխատում։ ՀՔԾ-ն նույնպես չի աշխատում, հեռախոսազանգերին չեն պատասխանում, դռները չեն բացում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
Վերջինիս խոսքով՝ մինչդեռ դատախազությունը պարտավոր է քրեական գործի նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնել, իսկ քննիչը պարտավոր է 24 ժամվա ընթացքում բոլոր կարևոր որոշումների համար զեկուցել դատախազին։
«Այսինքն՝ Գևորգ Սաֆարյանի դեպքում միանշանակ կարող ենք ասել, որ դատախազության կողմից ոչ քրեական գործ հարուցելու որոշումն է ստուգվել, ոչ դրա օրինականությունը, ոչ մեղադրանք առաջադրելու օրինականությունն է ստուգվել, ոչ էլ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը։ Այսինքն՝ բոլոր դեպքերում դատախազական վերահսկողությունը բացակայում է, և այս անգործությունը հանգեցնում է անձանց իրավունքների կոպիտ ոտնահարման»,- հավելեց Հայրապետյանը։
Փաստաբանի խոսքով՝ այս օրերին դեպքի օրը վնասվածքներ ստացած անձինք չեն ենթարկվում նաև դատաբժշկական հետազոտման, ինչի արդյունքում վնասվածքները ապաքինվում են, իսկ գործի բացահայտումը դրա արդյունքում փակուղի է մտնում։
Ինչպես նկատեց մեր զրուցակիցը, ստեղծված վիճակը փաստում է, որ օրենքը, պետությունը, իշխանությունը ընտրողաբար են գործում։ Ոստիկանությունը, օրինակ, շատ արագ բացահայտեց Գևորգ Սաֆարյանի գործը, մեղադրանք առաջադրեց և կալանավորեց, իսկ մնացած դեպքերում, պարզվում է, դատախազությունը և ՀՔԾ-ն արձակուրդում են։
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մի շարք անդամներ որոշել էին Ամանորը դիմավորել Ազատության հրապարակում և իրենց հետ գիշերը հրապարակ էին տարել տոնածառ, որի տեղադրումը ոստիկանների հետ վիճաբանության պատճառ էր դարձել, և ոստիկաններն աննախադեպ ուժ կիրառելով՝ բերման էին ենթարկել նախաձեռնության մի շարք անդամների, որոնցից այս պահին միայն Գևորգ Սաֆարյանն է կալանավորված, մյուսներն ազատ են արձակվել։







































