Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանություններն ազատ են արձակել 57 մարդու, որոնք վարչական կալանքի մեջ էին հայտնվել նախորդ տարվա նոյեմբերին ու դեկտեմբերին Նարդարան ավանում իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումներից հետո։
Կալանքի տակ դեռ գտնվում է 14 մարդ։ Ակնկալվում է, որ նրանք ազատության մեջ կհայտնվեն հունվարի 15-ից ոչ ուշ։ Ձերբակալվածների մեծ մասին վարչական կալանքի տակ էին վերցրել 15-30 օրով՝ իրավապահ մարմինների աշխատակիցներին չենթարկվելու համար։ Նրանց բոլորին էլ ձերբակալել են փողոցային անկարգությունների ժամանակ, որոնք հաջորդել էին նախորդ տարվա նոյեմբերի վերջին Նարդարանում «Մուսուլմանական միասնության» առաջնորդ Թալեհ Բագիրզադեի ու ևս 13 մարդու ձերբակալությունից հետո։ Ադրբեջանի իշխանությունները վստահեցնում են, որ «Մուսուլմանական միասնությունը» պատրաստել է ահաբեկչություններ և պետական հեղաշրջման փորձ՝ ցանկանալով Ադրբեջանը վերածել շարիաթական պետության։







































