Հայաշատ Հալեպում մայիսի 2-ի երեկոյան կրկին հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է Հալեպի իր աղբյուրներից: Հայտնի է, որ զոհվածը Րաֆֆի Տաղլյանն է, ով ՀՄԸՄ անդամ է և զոհվել է դիպուկահարի արձակած գնդակից: Ստացված տեղեկությունների համաձայն` Րաֆֆի Տաղլյանը վնասվածք է ստացել պարանոցի շրջանում:
Տեղի ունեցածի վերաբերյալ այս պահին մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպի քրիստոնեական և հայաշատ թաղամասերում ապրիլի 29-ի կեսօրին տեղի ունեցած պայթյունների հետևանքով երկու հայեր թեթև վնասվածքներ են ստացել:
Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրեց, որ ինը պայթյուններ են տեղի ունեցել Սուլեյմանիա, Համիդիա, Ազիզիա, Նայալի թաղամասերում, որոնց հետևանքով թաղամասերը նյութական վնասներ են կրել: Սուլեյմանիայում պայթյունի հետևանքով հրդեհը բռնկվել է շենքերից մեկի տանիքի վրա, որտեղ հավանաբար վառելանյութ է եղել:











































