Ընդդիմադիր քաղաքական ուժերը հաճախ են խոսում այն մասին, թե Հայաստանում կա քաղաքական և տնտեսական մենաշնորհ, և սրա անմիջական մեղավորներն օլիգարխներն են:
Ֆրանսիայի ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում քաղաքական և տնտեսական մենաշնորհի հիմնական մեղավորն օլիգարխներն են, սակայն կարծիք հայտնեց, որ տարբեր ժամանակներում նրանք Հայաստանում եղել են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմում. «Ցավն այն է Հայաստանում, որ ոչ միայն ամեն ինչ չի արվել նման վիճակ չունենալու համար, այլ նաև մնացած բոլոր ուժերն իրենց մեջ ունեն օլիգարխներ: Ես չգիտեմ հիմա կոնկրետ «Բարգավաճ Հայաստանը» համարվո՞ւմ է ընդդիմադիր, թե ոչ, բայց ինչպես կարող են պայքարել քաղաքական կամ տնտեսական մենաշնորհի դեմ, երբ իրենց առաջնորդն օլիգարխ է: Նրանք միայն վերջերս են կոալիցիայից դուրս եկել, բայց մինչ այդ իրենք էին իշխանության մասը կազմում։ Անշուշտ, անհերքելի է, որ օլիգարխներն այսօր ամենաշատը հենց իշխող կուսակցության մասն են կազմում, բայց մյուս կուսակցություններում էլ կան:
Լավ, եթե վերցնենք մյուս ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը, կամ ասենք «Ժառանգությունը», այստեղ էլ կան չէ՞ օլիգարխներ: Հիշենք Դաշնակցությունից Շահբազյանի հայտնի դեպքը, երբ նա ուզում էր դառնալ պատգամավոր, բայց հայտնվեց մեկ ուրիշը, և նա չանցավ»:
Հարցին, թե որն է իրավիճակից դուրս գալու ճանապարհը, եթե ոչ ընդդիմությունը, որի առանձին ներկայացուցիչներ հանրահավաքներում, իրենց հարցազրույցներում պարբերաբար խոսում են քաղաքական և տնտեսական մենաշնորհից ազատվելու մասին, Կ․ Մինասյանը պատասխանեց, որ իհարկե, առայժմ չի երևում, թե Սերժ Սարգսյանին հավատալը հարցի լուծում է, ապա հավելեց. «Եթե այս կառավարությունը նույն կազմով վերանշանակվի, ապա դեռ երկար որևէ փոփոխություն չենք տեսնի»։









































